211652_close_icon
views-count1588 դիտում article-date 12:09 24-09-2019

ԱՄՆ-ն կօգնի հայ արհեստագործներին իրենց աշխատանքը ցուցադրել Երևանում․ «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբերի 28-ից 29-ը Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցնի «Իմ ձեռագործ Հայաստան» երրորդ փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ավելի քան 70 արհեստագործ կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5095460.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Փառատոնը կազմակերպվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Սմիթսոնյան հաստատության կողմից, պատմում է Սմիթսոնյանի ներկայացուցիչ Հալե Բաթվինը. «Ավանդաբար, մենք օգնում ենք վաճառել արհեստագործների արտադրանքները և արհեստագործները ցույց են տալիս, թե ինչպես են պատրաստում դրանք, սակայն, այս անգամ որոշեցինք նաև հենց փառատոնի ընթացքում դասընթացներ կազմակերպել: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը մեկ ժամ է, դրանց ցանկին կարելի է ծանոթանալ նախապես myhandmadearmenia.am կայքից: Ուստի, այցելուները կարող են ոչ միայն սովորել արհեստը, այլև հենց այդ ընթացքում ինքնուրույն, ձեռքով պատրաստել և տուն տանել ձեռագործ աշխատանքը»: «Իմ Հայաստան» ծրագիրը գործում է հանրապետության 5 շրջաններում, նշում է Բաթվինը՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում և Շիրակում. «Հայաստանի տարբեր մարզերում կան բազմաթիվ օժտված արհեստավորներ և փառատոնը նրանց հնարավորություն կտա իրենց հմտությունները ցուցադրել մայրաքաղաքում»: Նախկինում այս փառատոնն անցնում էր միայն մեկ օր, սակայն, այնքան մեծ էր այցելուների քանակը, որ ծրագրի համակարգողները որոշեցին այն երկու օր դարձնել: «Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացը` փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն: «Մենք փորձում ենք զարգացնել ներքին զբոսաշրջությունը, որպեսզի մարդիկ դուրս գան Երևանից, և ծանոթանան Հայաստանի մյուս շրջաններին: Ուստի, մենք ուսումնասիրել ենք մշակութային ժառանգությունն ու փորձում ենք ներկայացնել այդ մշակութային ժառանգությունը հենց իր բնօրրանում»: ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է Հայաստան եկող զբոսաշրջիկներին հնարավորություն տալ չսահմանափակվել մայրաքաղաք Երևան այցելությամբ, այլ տանել նրանց հանրապետության մյուս վայրերը, որպեսզի գյուղական շրջանները նույնպես շահեն զբոսաշրջիկների թվի աճից: «Այս պահին մենք ունենք շուրջ 50 տուրիստական տարբեր ուղղություններ, որոնք հյուրերը կարող են վայելել: Դա իր մեջ է ներառում հայկական խոհանոցի տարբեր ուտեստներին ծանոթանալու տարբերակներ, որոնց ընթացքում մարդիկ կարող են սովորել զանազան հայկական ուտեստներ պատրաստել, ճաշակել դրանք: Զբոսաշրջիկները կարող են նաև հայկական ավանդական արհեստ սովորել հենց արհեստավորից, նրա սեփական տանը»: Հալե Բաթվինի խոսքով, ամերիկյան կողմի հիմնական նպատակն է՝ պահպանել հայ մշակութային ժառանգությունը և նպաստել դրա զարգացմանը. «Ամենը հիմնված է մշակութային ժառանգության պահպանման վրա, մեր ամբողջ աշխատանքը կապված է Հայաստանի մշակութային ժառանգության հետ: Ուստի, Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն այդ մշակութային ժառանգությունը պահպանող իրական մարդկանց են հանդիպում»:

Նմանատիպ նյութեր