Արտակարգ դեպք Արարատի մարզում. Mercedes-ում բռնկված հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝  սեպտեմբերի   17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում  Երևանի բնակիչ,  24-ամյա Սիրակ Ղարիբյանի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած  Mercedes մակնիշի 13 ՏՕ 699 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակից կայծեր է նկատել և կայանելով ավտոմեքենան, նկատել է, որ ավտոմեքենայից կրակ է դուրս գալիս:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  3 մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Մինչ հրշեջների ժամանումը,  կրակը տարածվել է նաև խոտածածկ հատվածում:
Ֆոտոլրագրողը  հայտնում է,  որ նշված վայրում ծառայություն են կատարել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին  վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում և խոչընդոտ չհանդիսանան հրշեջների համար:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության   Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝  հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Միքայելյանի գլխավորությամբ,  ում կողմից փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  Ս. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը կրել է մոտ 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս:
Փաստի առթիվ  հետաքննչական  բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
                                            
                    
                                            
                        
            


