211652_close_icon
views-count1600 դիտում article-date 21:14 14-09-2019

ԱՄՆ-Ն և Բրազիլիան Ամազոնի անտառների պահպանության նպատակով ներդրումային հիմնադրամ կստեղծեն

Ամազոնի անտառների կենսաբանական բազմազանության պահպանության նպատակով ԱՄՆ-ը և Բրազիլիան 100 մլն դոլար բյուջեով ներդրումային հիմնադրամ կստեղծեն։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Բրազիլիայի ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուի հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է [url=https://www.dw.com/en/brazil-and-us-strengthen-ties-free-trade-in-the-pipeline/a-50428682]DW[/url]-ը։ Ծրագրվում է, որ այս հիմնադրամը կկառավարվի մասնավոր բիզնեսի կողմից։ Բրազիլական INPE պետական տիեզերական կենտրոնի օգոստոսի վերջի տվյալներով, 2019թ․ սկզբից Բրազիլիայում գրանցվել է անտառային հրդեհների մոտ 80․000 օջախ։ Դա 83 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Բնապահպանները Ամազոնի անձրևային անտառներում հրդեհների պատճառը կապում են գյուղատնտեսական կարիքների համար անտառահատման հետ։ Պոմպեոյի հետ հանդիպումից հետո բրազիլական դիվանագիտության ղեկավար Արաուժուն Վաշինգտոնում հայտարարել է, որ Ամազոնի անտառների պահպանման գործում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է, քան եվրոպացիների առաջարկածը։ Ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսին կայացած G7-ի գագաթաժողովի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին 20 մլն եվրո տրամադրել Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի համար։ Ծրագրվում էր, որ այդ միջոցները կծախսվեն առաջին հերթին հրշեջ ինքնաթիռների ֆինանսավորման նպատակով։ Սակայն նախագահ Ժաիր Բոլսոնարուն հրաժարվել էր ընդունել օգնությունը։ Բրազիլացի առաջնորդի դժգոհության պատճառը եղել է, մասնավորապես, այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր Ամազոնի անտառների հրդեհները դիտարկել որպես միջազգային խնդիր։

Նմանատիպ նյութեր