Բրազիլիայում վնասազերծել են Ամազոնի ավազանի անտառների ոչնչացմամբ զբաղվող հանցավոր խմբին
Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են հանցավոր խոշոր խմբի, որը զբաղվում էր Ամազոն գետի ավազանի արևադարձային անտառների պարբերական ոչնչացմամբ: Այս մասին հայտնել է բրազիլական Globo News հեռուստաալիքը:
Ոստիկանությունը հանցավոր խմբի վնասազերծման համար հատուկ գործողություն է իրականացրել միանգամից 4 նահանգում, այդ թվում նաև Սան Պաուլուում: Հանցավոր խմբավորման դեմ հետաքննությունը մեկնարկել է դեռ 4 տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Մատու-Գրոսու նահանգի հյուսիսում ապօրինաբար հատվել է 27.000 հեկտար անտառատարածք:
Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները գործել են մի քանի խմբերով, որոնք պատասխանատու են եղել տարբեր ուղղությունների համար: Նրանց մի մասը պատասխանատու է եղել ծառերի հատման, մյուսները՝ դրանց վերամշակման համար:
Հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործները կեղծ փաստաթղթեր են օգտագործել՝ բեռները շրջկենտրոններ փոխադրելու համար: Ոստիկանությունը հանցավոր խմբավորման գործունեության պատճառած վնասը գնահատել է 220 միլիոն դոլար:
Նախնական տվյալներով՝ խմբավորման անդամներից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել մինչև 50 տարվա ազատազրկման՝ հասարակական հողերից ապօրինի օգտվելու, կողոպուտի, բնապահպանական հանցանքների, փաստաթղթերի կեղծման, դավերի, հարկեր վճարելուց խուսափելու և փողեր «լվանալու» համար: