9905 դիտում
20:49 08-09-2019
Հովհաննես Պապիկյան. ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ - հիշելու հրամայականը` ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ
Հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է մեծանուն Օհան Դուրյանի ծնունդը և հուզիչ պատմություն ներկայացրել.
Նախ ներողություն հայցեմ հարգևոր տիկին Ալիս Դուրյանից, որ այսօր չկարողացա այցելել Պանթեոն, որ իր կողքին լինեի մաեստրոյի հուշաքարի մոտ:
60-ական թվականների հայ երաժշտական արվեստի ծաղկումը դժվար է պատկերացնել առանց Օհան Դուրյանի դիրիժորական արվեստը վկայելու: Այդ տարիներին ծնվեցին հայ սիմֆոնիզմի փայլուն երկեր` Ջիվան Տեր-Թադեւոսյանի առաջին սիմֆոնիան, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան…, որոնք առաջին անգամ կատարվեցին Օհան Դուրյանի ղեկավարությամբ: Երաժշտագետների բանն է` մտահոգվել, խորությամբ բնորոշել Դուրյանի անցած ճանապարհը, գնահատել նրա վաստակը: Ես պարզապես չիմացողներին հիշեցնեմ հայրենիքից մաեստրոյի 20-ամյա բացակայության շարժառիթներից մեկը, որովհետեւ անտեղյակների կողմից հաճախ հնչում է չափից դուրս անտեղի հարցը` ինչո՞ւ թողեց-գնաց: 1973-ին Օհան Դուրյանը առաջարկ ստացավ պայմանագրային կարգով համերգներ ղեկավարել արտերկրի մի քանի քաղաքներում: Մեկ տարվա պայմանագիրը… վեց ամիս անց չեղյալ հայտարարվեց խորհրդային ղեկավարների կողմից, եւ Դուրյանը ստիպված եղավ մնալ նախ Ավստրիայում, ապա` Ֆրանսիայում:
… Սովետի տարիների անհարկի կապանքները վերացան միայն 20 տարի անց, եւ մաեստրոն վերադարձավ հայրական տուն: Վերադարձավ, որ «Տալիքը տա, կարոտն` առնի»: Սա իր ձեւակերպումն է` «Ամեն ոք տալիք ունի հայրենիքին` այստեղ ապրի, թե դրսում»:
…1992-ի հուլիսի 23-ին «Արամ Խաչատրյան» դահլիճում իր ծննդյան 70-ամյակին նվիրված համերգն էր: Այդ վերաբերմունքից այնքան էր շոյված, այնքան հուզված, որ կարծես թե իրապես տալիքը տալու քննության էր եկել: Համերգի ծրագիրը հրաշալի էր ընտրված` համաշխահային եւ հայ դասականների գործեր, Էմմա Ծատուրյանի ղեկավարած երգչախմբի հետ դժվարին մի համար` Վերդիի «Ռեքվիեմ»-ի ամենափայլուն համարներից մեկը, իր հեղինակած «Կոմիտասյան»-ի սիմֆոնիկ շարքը… Այն գրվել էր հեռավոր Մարսելում` «Կռունկ»-ի կանչի մեջ հայրենիքի կարոտի ապրումներով: Համերգից հետո կուլիսներում Տիգրան Մանսուրյանը հիացմունքը հայտնեց Դուրյանին` երգահանի, արվեստագետի իր բարձր գնահատանքն ու բնորոշումը տալով «Կոմիտասյան»-ի փառահեղ երաժշտականությանը: Այդ համերգի, արվեստագետների գնահատանքի խոսքերն ու մաեստրոյին կարոտած դահլիճի անսքող հրճվանքը եւ, ընդհանրապես, ամբողջ երեկոն սիրողական տեսախցիկով իմ նկարահանած կադրերն ինձ հաճախ են առիթ տալիս` հաճելիորեն մտովի վերադառնալու այդ օրվան: Դա տոն էր ոչ միայն Դուրյանի համար, որ հայրենիքում այդքան շուքով նշվում էր իր հոբելյանը, այլեւ ու ավելի շատ տոն էր մեզ համար, որ կրկին հաղորդվում ենք մաեստրոյի մեծ արվեստին, կրկին ապրում այդ տաղանդավոր երաժշտի ներկայությունը մեր կողքին:
Լեփ-լեցուն դահլիճում իր արվեստին կարոտած հանդիսատես, կուլիսներում իրենց մուտքին սպասող երաժշտական խմբեր ու անհատներ, որ մի համարի կատարումով, մի ջերմ խոսքով մաեստրոյին հայտնեն իրենց վերաբերմունքը: Իսկ Դուրյանը… հերթական համարից հետո քրտնքածոր ժպտուն դեմքով, երախտագետի հայացքով, չդադարող ծափահարություններին ի պատասխան` ձեռքն ի սրտե զգետինս խոնարհվող ու… երջանիկ, երջանիկ, շա~տ երջանիկ:
…Տարիների հեռվից երբեմն ես դառնում եմ այդ օրվա իմ նկարահանած կադրերին եւ մտածում, թե մեզ համար արդյո՞ք լրիվ ըմբռնելի է եղել Դուրյան-արվեստագետը՝ աշխարհաճանաչ ու անկրկնելի, Դուրյան-մարդը՝ երեխայի պարզությամբ երբեմն խռովող, մեծ արվեստագետին ներհատուկ պահանջկոտությամբ, կյանքում ոչ մի պահանջ չներկայացնող, բացի բեմից ու նվագախմբից: Ես հիմա էլ խորին ցավ եմ ապրում նրա տեգերումների համար, նաեւ` խորին ափսոսանք, որ առիթ-անառիթ նրան վշտացրին հաճախ, եւ այդ անկրկնելի արվեստագետը խռովմունքի պահեր ապրելու առիթներ շատ ունեցավ:
Այդ ֆիլմի կադրերում բաց ափի պարզությամբ Դուրյան արվեստագետն է, Դուրյան մարդը: Իր ունեցած քիչ, շատ քիչ ժամանակից մաեստրոն երբեմն բաժին պիտի հաներ` տիկնոջ ձեռքը բռնած քաղաք դուրս գալու, կարոտը մարդկանց հետ կիսելու, երանավետ անդորրության մի պահ գտնելու համար: Այդպես եղավ իմ ընկեր նկարիչ Ալբերտ Փարվանյանի արվեստանոցում, ուր ուղեկցեցի իրենց:
Կարոտը մի ուրիշ զգացում է, եւ այդ կարոտը Ալբերտին պիտի ծնկի իջեցներ մաեստրոյի առաջ: Հուզումնալի այդ հանդիպման ավարտը Ալբերտի նվագն էր դուդուկով, որն ավելի գունեղ դարձրեց աստեղային այդ պահը. մաեստրոն` կիսախուփ աչքերով, Ալիսը` հուզմունքից աչքերը թաց, լսեցին կոմիտասյան մեղեդին, որը կարծես այդ երեքի ունեցած զգացումների թարգմանը դարձավ:
Բա նրանց հրաժե՞շտը` Ալբերտի ու մաեստրոյի գրկախառնումի երկար պահը, տիկին Ալիսի գորովալից հայացքը նրանց: Ի~նչ գեղեցիկ պահ էր:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ ՄԱԵՍՏՐՈ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2173 դիտում
23:09 01-07-2023
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերային
2010 դիտում
15:21 20-06-2022
Այս սրիկաներից օր առաջ ամեն գնով ազատվելը՝ ուղղակի ժամանակի պահանջն է ու հրամայականը. Ռուբեն Հակոբյան
1743 դիտում
13:18 24-05-2019
Ժերար Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար ենք հիշելու