Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ճանապարհը չզիջելու պատճառով հնչել են կրակոցներ. կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ սեպտեմբերի 4-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ  են ստացվել,  որ  Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: 
Ոստիկանները պարզել են, որ  ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն  է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև:
Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել: 
Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կորյուն Խ.-ին, ով եղել է ГАЗель մակնիշի 36 DQ 767 համարանիշի ավտոմեքենայով և հրավիրել է բաժին, որտեղ սկզբից նա ոստիկաններին հայտնել է, որ  ոչինչ չի եղել, սակայն տեսնելով, որ ոստիկանների տեղեկությունները հավաստի են, ինչպես ժողովուրդն  է ասում՝ լրիվ «ցեմենտ-բետոն», խոստովանել է, որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է  կրակել  իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել:
Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու  հեռացել է դեպքի վայրից: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան:
Արա Գ.-ն բերման է ենթարկվել  ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Փաստի առթիվ  ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով  ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Արա Գ.-ն  կալանավորված գեներալ- մայոր Մանվել Գրիգորյանի տղան է: 
Գ Շամշյանի տեղեկություններով՝  նրա մոտ հայտնաբերվել է նաև  բարդ փականով դանակ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
                                            
                    
                                            
                        
            

