211652_close_icon
views-count2513 դիտում article-date 22:28 30-08-2019

Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց իրանցի բժիշկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիակությանը: Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել: Մոհամմադ Հոջաթփանահը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման նախաձեռնությունը չմերժելու համար, ներկայացրեց Հայաստանում ծավալած իրենց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Իրանցի բժիշկները Հայաստանում զբաղվում են քաղցկեղի բուժմամբ և, ըստ նրանց տվյալների, մեր երկրում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ և ցավալիորեն՝ մահացության ցուցանիշներով Հայաստանն առաջին քառյակում է: Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնում իրանցիները տեղադրել են սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը: Ըստ Մոհամմադ Հոջաթփանահի՝ Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ է նմանատիպ 4-6 սարքավորում: Ներկայում նրանք ներկրում են 3.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ սարքավորումը: Բուժող բժիշկները տեղացիներ են, ովքեր իրանցի մասնագետների կողմից ստանում են համապատասխան ուսուցում: Պատվիրակության կազմում ներգրավված էին տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ: Նրանց նպատակն էր գործունեություն ծավալել Հայաստանում և անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ԱԻ ոլորտին: Նախարարը կարևորեց հարևան ժողովրդի ներկայացուցիչների առաքելությունը և, որպես կանխարգելումը գերնպատակ հռչակած կառույցի ղեկավար, սիրով համաձայնեց ցուցաբերել առավելագույն աջակցություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր