211652_close_icon
views-count2027 դիտում article-date 11:34 18-08-2019

ՔԿ-ն պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը Ամուլսարի վերաբերյալ. Հայկական բնապահպանական ճակատ

Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: «Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․ 1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։ 2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։ 3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։ 4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ թափանցիկության անհրաժեշտության և որոշ այլ դիտակումների մասին ՀԲՃ-ն հաղորդագրություն էր տարածել դեռ 2019 թվականի հունիսի 5-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Նմանատիպ նյութեր