Ձերբակալվել է «Զենքի բարոն» Մարշալը
Աշխարհում զենքի անօրինական վաճառքով զբաղվող ամենահայտնի մարդկանցից մեկը՝ բելգիացի Ժակ Մեսիեն (մականունը՝ Մարշալ կամ Լիս) ձերբակալվել է Պորտուգալիայում։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Բելգիայի ոստիկանությանը։
Ըստ տեղեկությունների՝ Բելգիայի ոստիկանությունը Մարշալին արտահանձնելու հայց է ներկայացնելու պորտուգալական իշխանություններին։
Ավելի վաղ Մարշալը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել Լիբիա, Չադի Հանրապետություն, Պակիստան և Իրան զենքի անօրինական փոխադրում իրականացնելու մեղադրանքով։ Սակայն դատավճռի հրապարակումից հետո «զենքի բարոնը» թաքնվել էր իրավապահներից։ Նրան հայտնաբերելու համար միավորվել էին Ֆրանսիայի, Բելգիայի և Պորտուգալիայի հատուկ ծառայությունները։ Ժակ Մեսիեին գտել են պորտուգալական Էվորա քաղաքի առանձնատներից մեկում Ֆրանսիայի իր առանձնատնից Պորտուգալիա ձիերի տեղափոխման վճարից խուսափելու շնորհիվ։
Բելգիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մարշալը մասնակից է վերջին 35 տարիների ընթացքում գրեթե բոլոր խոշորագույն հակամարտություններում իրականացվող զենք-զինամթերքի մատակարարմանը։