Կհստակեցվեն կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը ապահովելու նպատակով:
Որոշումներով նախատեսվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը: Մասնավորապես, առաջարկվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Քրեակատարողական բժշկության կենտրոնում, դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա:
Կստեղծվեն նաև անհրաժեշտ նախադրյալներ կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրելու գործընթացն առավել թափանցիկ և գործուն դարձնելու համար: