Հնդկաստանում 7-ամյա տղայի բերանում 526 ավելորդ ատամ են գտել
Արտակարգ վիրահատություն է տեղի ունցել Հնդկաստանի Թամիլնադի նահանգի Չեննայ քաղաքի ստոմատոլոգիական ինստիտուտ։ Ինչպես հայտնում է The New Indian Express թերթը, բժիշկները 7 տարեկան երեխայի բերանից 526 ավելորդ ատամ են հեռացրել:
Ռավինդրան ազգանունով տղան բժիշկներին գանգատվել է ստորին ծնոտի աջ անկյունում աճող ուռուցքից: Ռենտգեն և համակարգչային շերտագրման արդյունքում երեխայի մոտ հայտնաբերել են նորագոյացություն՝՝ բազմաթիվ մանր թերաճ ատամներով:
Հուլիսի 11-ին կատարվել է վիրահատություն, որը տևել է 1.5 ժամ։ Վիրաբույժները բարեհաջող հեռացրել են 200 գրամ քաշով ուռուցքը: Բժիշկները հայտնել են, որ անոմալիայի պատճառն առայժմ հայտնի չէ: Նրանք ենթադրում են, որ շեղման վրա կարող էին ազդել ծագումնաբանությունը, ինչպես նաև շրջակա միջավայրը:
Այժմ տղան 21 ատամ ունի, ինչը նորմալ է նրա տարիքի համար: