211652_close_icon
views-count1031 դիտում article-date 15:42 19-07-2019

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից սննդի ընդունումից հրաժարված անձի հացադուլը պայմանավորված է դատաքննության փուլում գտնվող քրեական գործով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել է հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: Հացադուլ հայտարարած անձը բարձրացրել է հացադուլով պայմանավորված առողջական խնդիրներ, մասնավորապես՝ քաշի կորուստ, զարկերակային արյան ճնշման անկում, փսխումներ և ընդհանուր թուլություն: Հացադուլ հայտարարած անձի առողջական վիճակի հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և դրանց կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում՝ ըստ խցերի տեղաբաշխմանը: Բարձրացված հարցերի մի մասը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Նմանատիպ նյութեր