211652_close_icon
views-count1677 դիտում article-date 10:47 16-07-2019

Խնդիրը ոչ թե «նախկին հանցավորների» վերադարձն է, այլ «ներկաների» «հանցավոր» դառնալը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1928 թվականի հուլիսի 9-ին Խորհրդային երկրի ղեկավար Իոսիֆ Ստալինն իր ելույթում նշել է. «Մեր առաջխաղացմանը զուգահեռ կապիտալիստական տարրերի դիմադրությունը մեծանալու է, դասակարգային պայքարը սրվելու է, իսկ Խորհրդային իշխանությունը… անցկացնելու է… շահագործողներին ճնշելու քաղաքականություն»: Նույն ճառում նա պնդում էր, որ հնարավոր չէ պատկերացնել, որ բոլոր սոցիալական խմբերը՝ կուլակներն ու աղքատները, բանվորներն ու կապիտալիստները, առանց դիմադրության և հուզումների, հանկարծ կհայտնվեն սոցիալիստական հասարակարգում: 1937 թվականի մարտի 3-ին կուսակցության Պլենումի զեկույցում Ստալինը զարգացնում էր նույն գաղափարը. «Պետք է ջախջախել և դեն շպրտել այն փտած տեսությունը, թե իբր մեր առաջխաղացման ընթացքում դասակարգային պայքարը մարելու է, և մեր հաջողություններին զուգընթաց դասակարգային թշնամին ավելի և ավելի ձեռնասուն է դառնում… Հակառակը՝ որքան առաջ ենք մենք շարժվելու, որքան շատ հաջողություններ ենք ունենալու, այնքան չարանալու են ջախջախված շահագործող դասակարգերի մնացուկները, այնքան շատ են նրանք դիմելու պայքարի ամենասուր ձևերին, այնքան շատ են վնաս տալու Խորհրդային պետությանը»: Առաջին հայացքից թվում է, թե դա սովորական պարանոյա է, որը հատուկ է քաղաքական գործիչներին և հատկապես իշխանավորներին: Ստալինը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, որ ամեն մի թփի տակ դավադրություն էր տեսնում: Բայց պարանոյային «տեսական դրույթների» տեսք տալը հուշում է, որ ինքը՝ Ստալինը, առանձնապես չէր հավատում, որ 1928 և առավել ևս՝ 1937 թվականին կան «շահագործող դասակարգերի մնացուկներ», որոնք իր իշխանության դեմ դավադիր պայքար են մղում: Բոլոր «շահագործողներն» իրենց գերդաստաններով վաղուց արդեն գնդակահարված էին և կամ, լավագույն դեպքում, իրենց կյանքն ավարտում էին «Գուլագում»: Նորանոր թշնամիների փնտրտուքը Ստալինին անհրաժեշտ էր ուժեղ, կենտրոնաձիգ իշխանություն ունենալու, բոլոր հնարավոր սոցիալական ընդվզումներն ու ազատ մտքի արտահայտությունները օրորոցում ճնշելու համար: Այն «սոցիալիզմը», որը կառուցել էին Ռուսաստանի բոլշևիկները, պահանջում էր հենց այդպիսի մոտեցում, այդպիսի «սոցիալիզմին» «մարդկային դեմք» հաղորդելու առաջին իսկ փորձը՝ 1980-ականների կեսերին, ի վերջո հանգեցրեց երկրի կործանմանը: Հենց այդ պատճառով էլ Ստալինի ժամանակ Խորհրդային միությունում պարբերաբար հայտնվում էին թշնամական խմբեր, որոնք ամենևին էլ կապ չունեին «շահագործող դասակարգի» մնացուկների հետ (որոնք չկային)՝ բռնաճնշման էին ենթարկվում հասարակ մարդիկ, որոնք չգիտեին էլ, որ իրենք «տրոցկիստ» են, կամ, Հայաստանի դեպքում՝ «դաշնակ», հետապնդվում էին նաև բոլշևիկյան էլիտայի ներկայացուցիչները, Ստալինի զինակիցները: Ինչ մնում է «կապիտալիզմի ռեստավրացիային», ապա Ստալինի մահվանից հետո հենց կոմունիստական ղեկավարները հասկացան, որ կապիտալիզմը վատ բան չէ, և սկզբից «թաքուն», իսկ 1985-ից բացահայտորեն վերականգնեցին շուկայական հարաբերությունները ու օգտվեցին դրանց բարիքներից: Այնպես որ, խնդիրը ոչ թե «նախկին հանցավորների» վերադարձն է, այլ «ներկաների» «հանցավոր» դառնալը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր