Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400-ները, եթե իր վրա հարձակվեն. Էրդողան
Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները, եթե երկրի վրա հարձակվեն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բոսնիա և Հերցեգովինայից վերադառնալիս, գրում է «Հյուրրիյեթ»-ը:
«Եթե ինչ-որ մեկը մեզ վրա հարձակվի, մենք կգործարկենք հակաօդային պաշտպանության այդ համակարգերը»,- ասել է նա:
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ մասնակցել С-400-ների արտադրությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ճապոնիայում G20-ի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական արտահայտվեց Թուրքիայի կողմից ռուսական C-400-ներ ձեռք բերելու գործարքի վերաբերյալ։ Դրանից հետո ռուսական կողմը կազմակերպեց դրանց տեղափոխումը, որոնք Թուրքիա կհասնեն առաջիկա օրերին։