Ռուսաստանը մտադիր է վերականգնել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը. «Կոմերսանտ»
Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել, գրում է [url=https://www.kommersant.ru/doc/4026010?utm_source=yxnews&utm_medium=desktop]«Կոմերսանտը»[/url]՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում աղբյուրի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոսկվային բավարարել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած անպարկեշտ արտահայտությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի արձագանքը:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ եթե «ռուսատյացությունը Վրաստանում դադարի, իսկ երկրի իշխանությունները հետևողական լինեն», ապա չի բացառվում երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնումը:
Բացի այդ, ռուսական կողմը պատրաստ է սկսել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման թեմայի շուրջ քննարկումները: Գերատեսչությունում նշել են, որ նախքան Թբիլիսիում հակառուսական ցույցերը՝ Վրաստանում վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ հրամանագիրը մշակվել էր և մնում էր միայն ստորագրել:
Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով Վրաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել էր. «Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ողջունել է Պուտինի հայտարարությունը։ «Ռուսաստանի նախագահի որոշումը միակն է և ճիշտը։ Այդ որոշումը կարելի է միայն ողջունել», - հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության պահպանման նկատառումներով և գործելու է ժամանակավոր: