211652_close_icon
views-count1304 դիտում article-date 19:22 09-07-2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս տեսակետից, ըստ Արթուր Դավթյանի, հանգուցային նշանակություն ունի հատկապես Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են նշված ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: Վերջիններիս նշանակությունն ընդգծվում է հատկապես նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո: Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բազմակողմ աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ սկսած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ ելնելով Հայաստանի իշխանությունների և հասարակության սահմանած առաջնահերթություններից ու մարտահրավերներից: Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի հակազդման և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության մշակման, հետագա իրականացման գործընթացներում ՀՀ դատախազության մասնակցության և սպասելիքների, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների կիրառման, դրանց շրջանակներում ԵՄ-ի կողմից կարճաժամկետ և միջնաժամկետ օժանդակության եղանակներին, համագործակցության հետագա զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, գործնական քայլեր է կատարում նաև քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության իրավակիրառ պրակտիկան եվրոպական իրավունքի զարգացման տենդենցներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնացվել է հատկապես դատախազության կողմից այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիուտի ներդրմանն ուղղված օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագծի շրջանառումը: Արթուր Դավթյանն առաջարկել է համագործակցության շրջանակներում դիտարկել նաև նշված խափանման միջոցի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության հնարավորությունը, որն էապես կնվազեցնի խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հետագա գործակցության օպտիմալ եղանակների, մեթոդների շուրջ: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր