211652_close_icon

Երևանի քաղաքապետարանն ու Ճանապարհային ոստիկանությունը «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում». T-աձև խաչմերուկում բացակայում են կարգավորող գծանշումներն ու երթևեկության նշանները. լուսավորության մասին էլ խոսք չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count26093 դիտում article-date 19:19 07-07-2019
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, և պատկան մարմիններին հանձնարարեց, որ Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման համար պետք է նաև ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ, շատ քաղաքացիներ ոգևորվեցին, որ շուտով ունենալու ենք առանց խորդուբորդ, առանց խրամատներ հիշեցնող, ճանապարհային նշաններով կահավորված, ընթերնելի գծանշումներով ճանապարհներ: Ցավոք, մինչ այս պահը Հանրապետությունում դեռ կան մոռացության մատնված ու տարիներով չվերանորոգված ճանապարհներ, այդ թվում՝ առանց արտաքին լուսավորության: Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը, Երևանի Ճանապարհային ոստիկանությունը Եղվարդի խճուղում, Դավիթաշենի 4-րդ թաղամասից դեպի Զովունի գյուղ տանող հատվածում, իբրև վթարների կանխարգելման նպատակով բազալտե շրջանաձև օղակ, ժողովրդի լեզվով ասած՝ «կոլցեվոյ» են սարքել և T-աձև այդ խաչմերուկում կառուցված նշված «կոլցեվոյին» բնակիչներն արդեն անուն են դրել, կոչելով՝ «լանգետի թավա»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում կիսատ-պռատ անելուց հետո պատասխանատու մարմինները մոռացել են արտաքին լուսավորության, գծանշումների, երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Անգամ այնքան մեծ է շրջանակը վերցված, որ ավելի շատ վթարային իրավիճակ է ստեղծում, քան՝ կատարում իր բուն գործառույթները, և Զովունիից դեպի Դավիթաշեն գնացող վարորդները երբեմն գիշերային ժամերին բախվում են այդ «կոլցեվոյի» բազալտե սալիկներին: Բնակիչները հույս ունեն, որ մինչև վերջնական աշխատանքների ավարտը Երևանի քաղաքապետարան ու Ճանապարհային ոստիկանությունը խելք-խելքի կտան ու շրջանաձև օղակը մի փոքր կփոքրացնեն, կկատարեն գծանշումներն ու կտեղադրեն երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Դավիթաշենի թաղապետարանը միջոցներ կհայթաթեն ու այդ հատվածում կլուծեն արտաքին լուսավորության խնդիրը: Հակառակ դեպքում, եթե հետևություններ չանեն, վթարները ոչ թե կպակասեն, այլ՝ կավելանան: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր