211652_close_icon
views-count1094 դիտում article-date 15:01 04-07-2019

Ջրային կոմիտեին մոտ 5 մլրդ դրամ կտրամադրվի պարտքերը զրոյացնելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է: Համակարգ, որտեղ տարիներ շարունակական պարտքեր են կուտակվել և վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը: Նրա խոսքով՝ ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկից վերցված վարկի տեսքով: «Տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել, ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ Այս տարին էլ բացառություն չի եղել, և մեր կողմից տրամադրված 7 մլրդ 435 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվա գոյացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին սկսել առանց պարտքի»,- նշեց նախարարը: Սուրեն Պապիկյանն նշեց՝ կառավարությունը գոնե վերջին տարիների համար նախադեպ չունեցող քայլ է կատարում։ «Այս պահին առկա պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին: Սա կբերի նրան, որ աշնանը համակարգը կմտնի նոր տարի զրոյական պարտքով, ինչը հնարավորություն է տալու համակարգի առողջացմանը»,- շեշտեց նախարարը: Նախարարը կոչ արեց քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետևողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։

Նմանատիպ նյութեր