211652_close_icon
views-count1251 դիտում article-date 17:36 03-07-2019

Թուրքագետը անդրադարձել է Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային

Առ այսօր շարունակվում են Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները: Դրանց մասին պարբերաբար տարածվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/07/03/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%BB%D6%80%D5%A1%D6%84-%D5%94%D5%B8%D6%84%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B7%D5%AC%D5%A5%D5%B6-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF/159037]Ermenihaber.am-[/url]ը: Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` «Մագիլ» օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հյուսիսիրաքյան հենակետերը: Այս ընթացքում գործի են դրվել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ուժեր, ինքնաթիռներ, հաուբիցներ և սեփական արտադրության «ATAK» տեսակի հարձակողական ռազմական ուղղաթիռներ։ Առաջին անգամ այս օպերացիայում թուրքական զինուժը կիրառել է տեղական արտադրության «Bora» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժի հարվածներից սպանվել է 60 քուրդ զինյալ, իսկ Քանդիլի, Ավաշինի, Զափ, Բասյանի և Մեթինայի շրջաններում 54 զինյալ: Հաքուրք, Ավաշին և մյուս շրջանները գտնվում են PKK-ի գլխավոր հենակետի՝ Քանդիլի արևմտյան հատվածում: Նկատենք, որ 1992թ. ի վեր Թուրքիան պարբերաբար ռազմական օպերացիաներ է իրականացնում Իրաքի հյուսիսի տարբեր շրջաններում: «Մագիլ» ռազմական գործողությունից առաջ Թուրքիան վերոհիշյալ շրջաններում վերջին ռազմգործողություններն իրականացրել էր 2018թ. հունիսին` նախագահական ընտրություններից առաջ: Հատկանշական է, որ ինչպես անցյալ տարի հունիսին Թուրքիայի զինուժի կողմից իրականացված գործողությունները, այնպես էլ սույն տարի մեկնարկած «Մագիլ» ռազմական օպերացիան համընկնում էին նախընտրական շրջանների հետ և հիմնական նպատակը իշխող ուժի կողմից լրացուցիչ քվեների կորզելն էր: Պատահական չէ, որ Թուրքիայում գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), որը դեռևս մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կազմել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, սատարեց Ստամբուլի նոր ընտրությունների նախաշեմին սկսված այդ ռազմագործողությունները: MHP-ի կուսակցապետ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ պետք է ոչնչացվեն PKK-ին պատկանող ողջ զինտեխնիկան, թաքստոցները և հավելեց, որ այդ նույն ռազմական գործողությունները պետք է կիրառվեն նաև Սիրիայի քրդերի` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների նկատմամբ: Հարկ է նշել, որ Թուրքիան PYD/YPG-ի ուժերը նույնացնում է PKK-ի հետ և համարում վերջինիս սիրիական թևը: Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (HDP-ԺԴԿ), ապա այն քննադատեց «Մագիլ» օպերացիան և PKK-ի դեմ ուղղված հարվածները որակեց որպես միջազգային իրավունքի խախտում: Քրդամետ կուսակցությունը իշխանություններին մեղադրեց երկրում առաջացած տարատեսակ ճգնաժամերն ավելի խորացնելու մեջ: Նշվեց, որ Թուրքիան վերջին 40 տարում նմանատիպ 30 օպերացիա է իրականացրել և բացի մարդկային կորուստների աճից և երկրի ռեսուրսների սպառումից, որևէ օգուտ չի քաղել: Մյուս հանգամանքը կարող ենք դիտարկել PKK-ի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության համատեքստում: Թուրքիան այս և մնացած ռազմական օպերացիաներով ցանկանում է հետ մղել PKK-ի՝ Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված զինյալներին` դեպի Քանդիլի լեռներ: Իշխանությանը մոտ կանգնած լրատվականներում հանդիպում ենք «Հաջորդը Քանդիլն է» կամ «2-րդ քայլը Եփրատի արևելքն է» վերտառությամբ հոդվածների, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել սիրիական տարածքներում: Բացի այդ, պետք է նշել, որ PKK-ի նկատմամբ վարած արտաքին քաղաքականության գլխավոր թիրախը հենց Քանդիլն է, ուստի կարելի նկատել, որ այս գործողությունները ուղղված են Քանդիլի շրջափակմանը և PKK-ի գործողությունների նվազեցմանը: Հարց է առաջանում, թե Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ե՞րբ հարվածներ կհասցնեն PKK-ի քանդիլյան հենակետերին. մի փոքր բարդ է ասել, սակայն բացառելի չէ, որ Թուրքիան այժմ PKK-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները քուրդ զինյալներից «մաքրելուց» հետո հնարավոր է նոր ժամանակավոր ռազմաբազաներ տեղակայի (ինչպես նախկինում է արել), այդպիսով փորձելով արգելք ստեղծել PKK-ի հնարավոր գործողությունների համար:

Նմանատիպ նյութեր