211652_close_icon
views-count1748 դիտում article-date 16:02 01-07-2019

Հայ մասնագետների հումանիտար առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը Սիրիայում և վերադարձել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան: [url=https://armenpress.am/arm/news/980417.html]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ամփոփելով հումանիտար խմբի իրականացրած աշխատանքը: «Առաջին խումբն աշխատանքները սկսեց փետրվարին: Կազմում ներգրավված էին սակրավորներ, բժիշկներ և ռազմական ոստիկանության պահպանող խումբը, որի նպատակն էր իրականացնել առաքելության խմբի մասնակիցների անվտանգությունը հնարավոր դիվերսիոն պատահարներից կամ նմանատիպ այլ միջամտություններից»,-ասաց Ռուբեն Առաքելյանը: Հումանիտար խումբը տեղում ծանոթացել է ականադաշտերին: Տեղի բնակչության և Սիրիայի իշխանության հետ համատեղ իրականացվել են որոշ տեխնիկական հետազոտություններ և հստակեցվել են հնարավոր ականադաշտերը: Հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա Հալեպ նահանգում առանձնացվել է 5 վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 մլն 315 հազար քմ: «Առաջին հերթին պետք է ականազերծվեին այն տարածքները, որոնք մոտ էին բնակավայրերին, որպեսզի խուսափեինք մարդկային զոհերից: Ընդհանուր առմամբ, առաջին խմբի կողմից ականազերծվել է 34 հազար 690 քմ տարածք: Հայտնաբերվել են 29 միավոր ական և պայթուցիկ մնացորդ»,-ասաց Ռուբեն Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ականների պայթեցման աշխատանքներն իրականցրել են Սիրիայի զինված ուժերի մասնագետները: Ռուբեն Առաքելյանն, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքները բավարար է գնահատում, հաշվի առնելով այն, որ առաքելությունը նոր է և ընթացքում լոգիստիկ խնդիրների լուծման անհրաժեշտություն է եղել: Սիրիա մեկնած երկրորդ խումբն, ըստ Ռուբեն Առաքելյանի, ավելի բարենպաստ պայմաններով է այնտեղ: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը նշեց, որ մարդասիրական օժանդակության շրջանակում հումանիտար ականազերծման աշխատանքներ են իրականացրել՝ արդյունավետ համագործակցելով տեղի և ռուսական զինված ուժերի հետ: «Իրականացվել է մաքրման աշխատանքների վերլուծություն, որի հիման վրա էլ աշխատել ենք: Հումանիտար ականազերծում իրականացնելու համար շատ կարևոր է տեղի բնակիչների հետ աշխատանքը: Մեզ համար առավել ևս կարևոր գործոն էր հայ համայնքի առկայությունը, զգում էինք նրանց օժանդակությունը»,-ասաց Արա Մարտիրոսյանը: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ով օրերս է վերադարձել Սիրիայից, ընդգծեց, որ Սիրիայում հայ համայնքը շատ մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանից եկած հումանիտար խմբին: «Նույն ջերմ վերաբերմունքը կա սիրիացիների կողմից, ինչը փոխադարձ է, երկկողմ շփումները, կապը մշտապես կան: Մեր բժիշկները ներգրավվել են նաև տեղի բժշկական հաստատությունների աշխատանքներում: Մեծ թվով երեխաների ցուցաբերվել է աջակցություն»,-ասաց Նազելի Էլբակյանը: Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 16-ին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս:

Նմանատիպ նյութեր