1280 դիտում
11:26 26-06-2019
STARMUS-ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելը մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է.. ՀՀ Նախագահ
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին: Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան սովորենք, բացահայտենք, սիրենք ու լինենք ստեղծագործ: Ցանկացած առաքելություն սկսվում է երազանքից, որն այնուհետև դառնում է ստրատեգիական ծրագիր, վերջինս էլ՝ առաքելություն ողջ ազգի համար։ Վստահ եմ, որ մենք առաքելություն ունենք մեր երկիրը դարձնել տեխնոլոգիաների, գիտության ու կրթության կենտրոն, որի համար կան բոլոր նախադրյալները»։
STARMUS փառատոնի շրջանակում նախագահ Սարգսյանը նաև հանդիպումներ է ունեցել մի շարք մասնակիցների հետ։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանարյան կղզիների Աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։
Կանադացի հայտնի ֆիզիկոս, 2018թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոննա Սթրիքլենդի հետ նախագահ Սարգսյանը խոսել է գիտության դերի և զարգացման արդի միտումների մասին: Զրուցակիցներն ընդգծել են գիտությամբ զբաղվելու նպատակով երիտասարդությանը խրախուսելու և ոգեշնչելու անհրաժեշտությունը։ Իբրև օրինակ՝ Հայաստանի նախագահը նշել է Դոննա Սթրիքլենդի գիտական նվաճումները և նշանակալի է համարել նրա ավանդը լազերային ֆիզիկայի բնագավառում:
Գիտատեխնիկական առաջընթացն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն են եղել նախագահ Սարգսյանի և «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հանդիպման առանցքային թեմաները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017 թվականին Թոնի Ֆադելն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։
Հանդիպումներից հետո պատասխանելով STARMUS -ի նշանակությանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների, տասնյակից ավելի տիեզերագնացների (մասնավորապես «Ապոլլո» հայտնի առաքելության աստղագնացներին), ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների համախմբող փառատոնը գիտությունը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է: «STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը, աստղագիտությունը, մեծ գիտնականները, մեծ երաժիշտները»,-ասել է Արմեն Սարգսյանը: «Երբ ուսումնասիրում ես տիեզերքը, բացի գիտական արժեքից, բացի այն ձևերից, մեթոդներից, որոնք օգտագործում ենք՝ հասկանալու տիեզերքը, վերջինս ունի մի այլ գեղեցկություն: Հետևաբար, այն նաև արվեստ է և ինչ -որ իմաստով ունի բացարձակ ներդաշնակություն, որը կարող ես գտնել նաև երաժշտության մեջ»:
Գիտատեխնիկական զարգացման թեմայի համատեքստում խոսելով ազգերի միջև մրցակցության մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է. «Եթե ազգն ունի առաքելություն, ապա նա իր ողջ ներուժը հավաքում է մի տեղ, որ այդ նպատակին հասնի: Ես կարծում եմ՝ մեր ազգի նպատակներից մեկը պետք է լինի դառնալ առաջատար տեխնոլոգիական, գիտական երկիր»: Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են, օրինակ, ծրագրավորող դառնալ: «Կուզենայի, որ նրանք երազեն ոչ միայն ծրագրավորող, այլ նաև գիտնական՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ արհեստական բանականության մասնագետ դառնալու մասին, որովհետև ապագան նրանցն է: Որպեսզի նման մասնագիտությունները դառնան գրավիչ՝ շատ բան ունեն անելու և՛ նախագահը, և՛ կառավարությունը և՛, ընդհանրապես, պետությունը»,-ասել է նախագահը: Նա կարևոր է համարել, որ երիտասարդները ոգևորվեն և հասկանան, որ գիտությամբ զբաղվելը պարտականություն չէ: «Գիտությամբ կամ տեխնոլոգիաներով զբաղվելը պետք է ուղղակի հաճույք պատճառի նրանց, և նրանք միաժամանակ զգան, որ իրենք զբաղվում են ամենաժամանակակից, ամենահետաքրքիր գործով, որի նկատմամբ խորը հարգանք ունեն բոլորը»,-նշել է Արմեն Սարգսյանը: «Նոբելյան մրցանակն աշխարհի ամենաբարձր մրցանակներից մեկն է գիտության ոլորտում, բայց այս փառատոնի սրահում մարդիկ կան, որոնք հայտնի արվեստագետներ են, երաժիշտներ են: Եվ նրանք պարզապես իրենց գլուխն են խոնարհում աշխարհահռչակ գիտնականների առջև»:
Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS -ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ-հրավերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ դա մեր երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր: «Հույս ունեմ, որ 6-րդ STARMUS-ը նաև մեր երիտասարդներին կոգևորի զբաղվել ոչ միայն երաժշտությամբ, արվեստով, այլև՝ գիտությամբ»,-ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել