ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Նրանով նախատեսվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուները պետք է ընտրվեն մրցութային կարգով:
Նախագծին կողմ քվեարկեց 91, ձեռնպահ՝ 5 պատամավոր։
Նախագիծը նպատակ ունի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին:
Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին: