211652_close_icon
views-count1214 դիտում article-date 20:20 21-06-2019

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները 114 կողմ ձայնով Վիգեն Քոչարյանն ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ԱԺ նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4»,- ասաց Հովակիմյանը: Քոչարյանն իր նոր պաշտոնի լիազորությունները կստանձնի հունիսի 24-ին՝ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո: Վիգեն Քոչարյանը ծնվել է 1972 թ. Երևանում: 1988-1993թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 1993-1996-ին սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Ավելի քան 42 գիտական աշխատությունների հեղինակ է: 1999-ին մասնակցել է ԱՄՆ Բերգլիի համալսարանի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին: 2000-ին սովորել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի սահմանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1996-ից: 1996-2006-ին եղել է ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու է և դոցենտ: 2006-2015թթ հանդիսացել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: 1998-2008-ին եղել է ՀՀ իրավաբանների միության գործադիր տնօրեն: 1999-2003-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է: 2001-2014թթ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի ՀՀ-ն ներկայացնող անդամ: 2015թ. մինչ օրս ՀՀ արդարադատության փոխնախարարն է:

Նմանատիպ նյութեր