Ֆուտզալ. Իտալիա-Հայաստան երկրորդ հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել
Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները:
Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից հայտնեցին ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները:
Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էն անպայման վրեժխնդիր լինել:
Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում էր կայացնում հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ: Այդուհանդերձ, հավասար պայքար էր ընթանում: 2:2 հաշվի ժամանակ մրցավարը ոչ կոնտակտային իրավիճակում հերթական տուգանայինը նշանակեց՝ ցույց տալով 10-մետրանոց նշակետը:
Քանի որ իրականում խախտում չկար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնեցին իրենց անհամաձայնությունը. հավաքականի մարզիչները հրահանգեցին դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի:
Իտալացիները հավաստիացրեցին, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել, եթե դարպասապահը զբաղեցնի իր տեղը՝ այդպիսով պահպանելով արդար խաղի կանոնները:
Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրեց իր տեղը, իտալացիները գրավեցին մեր դարպասը:
Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշեցին դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները, ի հակառակ իրենց խոստումի. չպահպանեցին արդար խաղի (fair play) կանոնները: Խաղը մնաց անավարտ: