211652_close_icon
views-count1724 դիտում article-date 21:04 18-06-2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ՌԴ Ուֆա քաղաքում ելույթ է ունեցել Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում ելույթ ունեցավ «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը»: Ելույթը նվիրված էր «Պետության անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, աճող հիբրիդային սպառնալիքների պայմաններում» թեմային։ Ելույթի ամբողջական հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև. «Հանդիպման հարգելի մասնակիցներ, Նախ թույլ տվեք ողջունել Ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Ապա ի դեմս ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և այսօրվա միջոցառման լավ կազմակերպման համար: Սա Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հոբելյանական X հանդիպումն է, որն արդեն դարձել է ավանդական ամենամյա համաժողով և անվտանգության ոլորտի արդիական հարցերի քննարկման արդյունավետ հարթակ: Հիբրիդային սպառնալիքների աճի պայմաններում պետությունների ազգային անվտանգության ապահովումը և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու խնդիրն այսօր կարևոր է, ուստի մեր հանդիպման օրակարգի քննարկումը ժամանակին և ճիշտ քայլ է: Ազգային անվտանգության ներկա մարտահրավերների և սպառնալիքների ուժեղացմանը զուգահեռ ի հայտ են եկել դրանց սկզբունքորեն և որակապես նոր դրսևորումները: Միևնույն ժամանակ, բնորոշ միտումներից է դարձել ոչ ռազմական մարտահրավերների և սպառնալիքների աճը, որոնք սկզբունքորեն տարբերվում են ավանդական ռազմական մարտահրավերների և սպառնալիքների շրջանակից: Պետք է նշել, որ ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել ռազմական գործողությունների վարումը իր սկզբնական տեսքով, առանց ամենատարբեր ուղղվածություններ ունեցող ուղեկցող միջոցների օգտագործման: Միևնույն ժամանակ, հիբրիդային ազդեցությունը կարող է, և հաճախ օգտագործվում է առանց ռազմական ուժի օգտագործման, իսկ ռազմական ուժը, փաստորեն, դառնում է վերջնական փաստարկ, երբ բոլոր հիբրիդային միջոցները չեն բերել սպասված արդյունքը: Մեկ այլ ոչ պակաս կարևոր գործոն. այսօր ինչ-որ մեկի նկատմամբ բացահայտ ռազմական գործողությունների սկիզբը, տարբեր հանգամանքների և պատճառների բերումով, հաճախ կամ անհնար է կամ դժվար, կամ էլ հղի է անցանկալի միջազգային արձագանքով: Իսկ մաքուր հիբրիդային ազդեցությունը հեղինակներին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում պահպանել անանունությունը, հեռավորությունը և այսպես կոչված մի կողմում գտնվել, ժխտել իրենց որպես կողմի ներգրավվածությունը տեղի ունեցող հակամարտության մեջ: Հիբրիդային ազդեցության գործիքները կարող են լինել մեկանգամյա, կարճաժամկետ կամ երկարատև բնույթ կրել. պետական մարմինների կայքէջերի վրա մեկ կիբեր հարձակումից, քաղաքական, դիվանագիտական և ֆինանսա-տնտեսական ճնշման ակտերից մինչև երկարաժամկետ և նպատակաուղղված գործողություններ` պետությունների միջազգայնորեն մեկուսացման և միջազգային խոշոր ու տարածաշրջանային ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրերից նրանց հեռացման նպատակով: Որպես թիրախ ընտրված պետության տնտեսության թուլացման համար կարող են փորձեր իրականացվել պոտենցիալ ներքին և արտաքին ներդրողների մոտ ստեղծել թյուր կարծիք այդ երկրում ներդրումային միջավայրի ոչ բարենպաստ լինելու վերաբերյալ, հսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով անվստահության և անորոշության մթնոլորտ ստեղծել: Այդ նպատակով տեղեկատվական դաշտում նպատակաուղղված տարածվում են տեղեկություններ, որոնք բերում են նման ենթադրությունների, կողմնակալ կառույցների օգնությամբ արհեստականորեն իջեցվում են վարկանիշային ցուցանիշները և կատարվում են իրականությանը չհամապասխանող անբարենպաստ կանխատեսումներ: Ընդհանրապես, պետք է ընդգծել, որ տեղեկատվական բաղադրիչը այսօր հաճախ զբաղեցնում է կենտրոնական տեղը հիբրիդ սպառնալիքների ընդհանուր սպեկտորի մեջ, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների արագ զարգացման և դրանց՝ գործունեության գրեթե բոլոր ոլորտներ ներխուժման հետ կապված: Պարադոքսալ է, բայց փաստ՝ 21-րդ դարում, համաշխարհային պատմության մեջ ամենից տեղեկացված և կրթված դարում, միլիոնավոր մարդկանց մոլորության մեջ գցելը, սեփական տեսանկյունը պարտադրելը շատ ավելի հեշտ է, քան նախկինում: Հայրենիքի (Отечествօ) գաղափարի աղավաղման և միասնական ու անքակտելի հայրենիքի (Родина) ընկալման նպատակով կարող են փորձեր իրականացվել ապակառուցողական քարոզչության միջոցով, բազմազգ պետություններում ազգամիջյան տարանջատումներ սերմանելու կամ նույն ազգի տարբեր մասերի միջև սեպ խրել կրոնական, տարածաշրջանային, հայրենակցական կամ այլ հիմքերով: Պետք է նշեմ, որ տարբեր ժամանակներում փորձեր են իրականացվել բաժանել հայության տարբեր մասերին, բայց բոլորն անխուսափելիորեն ձախողվել են: Պատճառն այնն է, որ հայ ժողովուրդը ձևավորված լինելով հնագույն ժամանակներում, հենվելով սեփական քաղաքակրթական հիմքին, հազարավոր տարիների ընթացքում անցել է ծանրագույն փորձությունների միջով և ուժեղ իմունիտետ է ձեռք բերել նման գործողությունների նկատմամբ: Հիբրիդային սպառնալիքներին հակազդելը պետք է լինի նաև ճկուն և դինամիկ, բազմածրագրային և բազմակողմանի: Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին իրավական դաշտի ստեղծումը և ժամանակակից պահանջներին բավարարող արդիական, հայեցակարգային և ռազմավարական փաստաթղթերի առկայությունը: Այս առումով ես տեղեկացնում եմ, որ ներկայումս մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը: Այս գործընթացում, որը իրականացվում է մեր երկրի Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո, ընդգրկված են ոչ միայն պետական մարմինները, նախարարությունները և գերատեսչությունները, մենք նաև պարբերաբար հանդիպումներ ենք ունենում ոչ պետական կառույցների ներկայացուցիչների և փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների ընթացքում ես ներկայացնում եմ նոր Ռազմավարության մեր տեսլականը, ընթանում են շատ առարկայական, բովանդակային քննարկումներ հարցերի ամբողջ շրջանակով, կապված նոր փաստաթղթի պատրաստման հետ: Մենք ելնում ենք նրանից, որ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է արտահայտի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը՝ ելնելով ամբողջ հայության շահերից: Նշեմ նաև, որ ընթացքի մեջ է գտնվում նաև որ ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը: Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում մենք հատուկ կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումը և խորացումը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն չի կարող լիովին ապահովել իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, զարգացնում է ռազմավարական գործընկերային հարաբերություններ իր մերձավոր դաշնակիցների հետ նաև երկկողմ հիմունքներով: Նշեմ, որ 2016 թվականին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությունում մինչև 2025 թ. ընկած ժամանակահատվածի համար «հիբրիդային պատերազմների» տեխնոլոգիաների կիրառումը դասվում է այն գործոնների դասին, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն հավաքական անվտանգության համակարգի վրա: Դրա արդյունքում վերոնշյալ Ռազմավարության մեջ իրականացման ենթակա գործողությունների շարքում նախատեսվում է հիբրիդային տեխնոլոգիաների կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն և վերլուծություն: Հայաստանի Հանրապետությունը նաև փոխշահավետ համագործակցություն է իրականացնում այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ: Մենք բաց ենք համատեղ և կառուցողական աշխատանքի համար բոլոր երկրների և կառույցների հետ, որոնք շահագրգռված են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացման հարցում: Հարգելի գործընկերներ, Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր բնագավառներում իրականացվում են հիմնարար փոփոխություններ և լայնածավալ բարեփոխումներ՝ մրցունակ և տեխնոլոգիապես զարգացած ազգային տնտեսություն ստեղծելու համար: Մենք համոզված ենք, որ բազմաթիվ ոլորտներում ձեռք բերված շոշափելի արդյունքները և ձեռքբերումները կբարձրացնեն մեր տնտեսական համակարգի անվտանգության մակարդակը և կարևոր դերակատարություն կունենան հիբրիդային սպառնալիքներին հակազդելու գործում: Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցանիշներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է`աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի պետական բյուջեում 2018 թ.-ի տնտեսական աճը նախատեսվում էր 4.8%-ի, իսկ գնաճը` 2.7%-ի մակարդակում: Ինչպես տեղյակ եք 2018 թ.-ին Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, որոնք բարձրացրել են տնտեսության դիմացկունությունը և տնտեսական աճը կազմել է ՝5.2%, բացի այդ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Ժամանակակից աշխարհում միջազգային տնտեսական ինտեգրացիան կառուցված է այնպես, որ ոչ մի երկիր, նույնիսկ տնտեսապես զարգացած, մեծ և ինքնաբավ երկիրը չի կարող ամբողջությամբ հրաժարվել այս կամ այն հումքի, բաղադրիչների, պատրաստի ապրանքատեսակների արտերկրից ներմուծումից: Հայաստանը զարգացող տնտեսությամբ փոքր երկիր է և այս առումով մեզ համար հատկապես կարևոր է արդյունավետ, բազմակողմանի միջազգային համագործակցությունը և այն հանդիսանում է տնտեսական անվտանգության ապահովման կարևորագույն տարրը: Մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումն է: Մենք ձգտում ենք Հայաստանի առավել արդյունավետ մասնակցությանը այս միությունում, միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների բարելավման և առկա ինտեգրացիոն գործիքների լիարժեք գործունեությունն ապահովելու համար: Ամփոփելով, կցանկանայի նշել, որ հիբրիդային սպառնալիքների առաջացումը պահանջում է ինչպես նոր հայեցակարգային և ռազմավարական մոտեցումների ստեղծում, այնպես էլ հիբրիդ ազդեցության գործիքների դեմ արդյունավետ գործնական մեխանիզմների ձևավորում: Ավարտելով ելույթը, ուզում եմ շնորհակալություն հայտնել դահլիճում գտնվող պետությունների ներկայացուցիչներին ուշադրության համար և մաղթել բոլորին աշխատանքային հաջողություններ: Շնորհակալություն:» [b]ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ[/b]

Նմանատիպ նյութեր