211652_close_icon
views-count95768 դիտում article-date 19:03 16-06-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը «Գազելով» բախվել է խորովածի մանղալին և կողաշրջվելով, հայտնվել ծառերի մեջ. նա հրաժարվել է սթափության փորձաքննության ենթարկվել, ոստիկանությունում էլ խառնաշփոթ ստեղծելուց հետո քնել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռազմիկ Ղազարյանը իր վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորովածանոցի աշխատակիցները, իսկ վարորդն էլ՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացիների, այլև օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորութմամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հետաքննիչը փորձել է վարորդի սթափությունը ստուգել, վերջինս սկսել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, որն էլ նրան տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ նա նույնպես մի իսկական խառնաշփոթ է ստեղծել, իսկ հետո քնել է: Ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ քարշակով ավտոմեքենան դարձի բերեցին և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր