211652_close_icon
views-count650 դիտում article-date 19:50 14-06-2019

Երևանում բացվել է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակը

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ շուրջ երկու տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունը» (Melkonian Global Overture) իր հայաստանյան գրասենյակն է բացել, որը թույլ կտա առավել լավ ճանաչել հայաստանյան կրթական խնդիրները, տեղում բացահայտել դրանք ու լուծումներ տալ՝ միաժամանակ խորացնելով Սփյուռքի հետ հարաբերությունները, սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը հայաստանյան կյանքում, կրթական հաստատությունների զարգացումը, միջմշակութային կապերը և այլն: Կազմակերպության համահիմնադիր Արսինե Շիրվանյանի համոզմամբ, միայն լավ կրթություն ստացած, մասնագիտական հզոր պաշար ունեցող անձինք են կարող նպաստել երկրի զարգացմանը: Սփյուռքում կրթական խնդիրներն այլ են. անհրաժեշտ է տարիներ ի վեր արմատացած կրթական համակարգ ներմուծել նորարարական, գիտատեխնիկական նվաճումներին համարժեք մոդելներ, որոնք հայկական կրթությունը կդարձնեն առավել գրավիչ և մրցունակ: Սփյուռքի երիտասարդների համար հայապահպանությունը թիվ մեկ խնդիրն է այսօր. ի՞սկ ինչն է առավել նպաստում հայապահպանությանը օտար երկրում, եթե ոչ ծաղկուն կրթական հաստատություններն ու հայեցի, նորարարական կրթական համակարգը: Այս և շատ այլ հարցերի շուրջ կազմակերպությունը հոկտեմբերին Երևանում նախատեսում է անցկացնել մեծ համաժողով՝ վերջինիս հրավիրելով պետական ոլորտի ներկայացուցիչների, մասնավոր կազմակերպությունների, բուհերի, ոլորտի շահագրգիռ անձանց և առհասարակ, խնդրով հետաքրքրված քաղաքացիների:

Նմանատիպ նյութեր