93540 դիտում
11:24 10-06-2019
Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող ПАЗ-ին. Ford-ը հայտնվել է ծառերի մեջ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սերյոժա Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 34 ZQ 989 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վաղինակ Շահբազյանի վարած ПАЗ 672 մակնիշի 33 ՍP 754 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Վթարի հետևանքով Ս. Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Վահե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Չարենցավանի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սերգեյ Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ПАЗ-ը պատկանում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, որով անվճար փոխադրումներ էր կատարվում Երևան-Չարենցավան ազգաբնակչության համար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, ով դեպի Չարենցավան ընթանալիս բախվել է ПАЗ-ին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+