211652_close_icon
views-count1354 դիտում article-date 20:19 08-06-2019

ՊԳԿ աշխատաժողովի ուշադրության կենտրոնում պարենային անվտանգության, սնուցման և սոցիալական ապահովության հարցերն էին

Այսօր Ծաղկաձորում աշխատանքն ավարտեց եռօրյա աշխատաժողովը, որը նվիրված էր պարենային անվտանգության, սնուցման և սոցիալական ապահովության համալիր և փոխկապակցված խնդիրներին։ Քննարկվեցին Հայաստանում առկա զարգացումները և համապատասխան ազգային ծրագրերի իրականացումը։ Աշխատաժողովը կազմակերպել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնի աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացը, որն անցկացվեց հունիսի 6-8-ը, նպատակ ուներ ընդլայնել պարենային անվտանգության, սնուցման և սոցիալական ապահովության հայեցակարգերի վերաբերյալ ընկալումը՝ համաձայն միջազգային ստանդարտների, իսկ վերջնական նպատակը քաղաքականությունների վրա ազդող որոշումների կայացման գործընթացների կատարելագործումն էր և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով արդյունավետ հաղորդակցությունը։ Այն նաև նպատակաուղղված էր պարենային անվտանգությանն ու սնուցմանն առնչվող ծրագրերի իրականացման մեջ ներգրավված կողմերի՝ պարենային անվտանգության և սնուցման վերաբերյալ գիտելիքների ավելացմանն ու մոնիտորինգի և գնահատման հմտությունների կատարելագործմանը։ «Կառավարությունը՝ բարձր գնահատելով նմանատիպ ծրագրերի կարևորությունը, նշանակությունը, աղքատության հաղթահարման կոնտեքստում շատ պատրաստակամ է ուսումնասիրել այս փորձը և ըստ հնարավորության նաևընդլայնել,որովհետև, ներկայումս մենք գտնվում ենք նպաստների գործող համակարգի վերանայման գործընթացում։ Եվ տարբերակներից մեկը, որի շուրջ մտածում ենք,այս ծրագրի մոդելով կառուցված ծրագրերի իրականացումն է,որոնք թույլ կտան ընտանիքներին ցուցաբերել ավելի համալիր աջակցություն, նպաստել կայուն եկամտի աղբյուրների ստեղծման ձևավորմանը», - նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Համաձայն ՊԳԿ-ի «Պարենային անվտանգության տարածաշրջանային վերլուծություն» վերջին զեկույցի, որը ներկայացնում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում պարենային անվտանգության և սնուցման վիճակը, Հայաստանում արձանագրվել է թերսնվածության տարածվածության նվազման միտում։ Ցուցանիշը 2004-2006 թվականների 7.8-ից նվազել է մինչև 4.3՝ 2015-2017 թվականներին։ Չնայած այն հանգամանքին, որ սննդամթերքի առկայության հարցում գրանցվել է ակնհայտ բարելավում, սննդամթերքի հասանելիությունը հայաստանաբնակ որոշ տնային տնտեսությունների համար դեռևս մնում է կենսական նշանակություն ունեցող։ Պարենային անապահովությունը շեշտակիորեն ավելացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Համաձայն գնահատականների՝ 2015 թվականին տնային տնտեսությունների 16 տոկոսը դասակարգվել է որպես պարենային անապահովություն ունեցող. այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Պարենային և սնուցման ապահովությունն ու աղքատության կրճատումը, հետևաբար, ՊԳԿ-ի և Հայաստանի ընդհանուր օրակարգում բարձր տեղ է զբաղեցնում։ Գյուղատնտեսության ոլորտի զարգացման ազգային ծրագրերի ու ռազմավարությունների, ինչպես նաև ՊԳԿ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների հետ միասին՝ այս հարցը ներկայում գործող ՊԳԿ-Հայաստան «Երկրի ծրագրային շրջանակի» երեք գերակա ոլորտներից մեկն է։ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հաստատել է փաստաթղթերի մի փաթեթ, որն արտացոլում է երկրի գյուղատնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներառյալ՝ պարենային անվտանգությունն ու սնուցումը: Աշխատաժողովին մասնակցեցին ավելի քան 35 պետական պաշտոնյաներ, ճյուղային նախարարությունների և համապատասխան գործակալությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հետաքրքրված կողմեր։ Միջոցառումը մասնակիցներին ընձեռեց մի եզակի հնարավորություն՝ սահմանելու պարենային անվտանգության, սնուցման և սոցիալական ապահովության տարածաշրջանային և երկրին հատուկ գերակայություններ և սովորելու, թե ինչպես է պետք դրանք արդյունավետորեն ձևակերպել՝ համապատասխան ռազմավարությունների շուրջ աշխատանքի ընթացքում։ Օրակարգի մաս էին կազմում նաև հանրային քաղաքականության վերաբերելի միջոցները, մոտեցումները, մեթոդները և գործիքները, որոնք համապատասխան քաղաքականությունների ու ծրագրերի մշակման ընթացքում օգնում էին գնահատել պարենային անվտանգությանը և սնուցմանն առնչվող ռիսկերը։ Միջոցառումը ՊԳԿ «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի մի մասն է (ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից)։ Ծրագիրը ռազմավարական եղանակով նպաստելու է երկրում առկա մարտահրավերների կարգավորմանը և խթանելու է միջոլորտային համագործակցությունը՝ ապահովելով համարժեք կարողություններ՝ արդյունավետորեն ձգտելու և կառավարելու համակարգվածությունը գյուղատնտեսության, սնուցման, առողջապահության, կրթության ու սոցիալական պաշտպանության ոլորտների միջև։

Նմանատիպ նյութեր