211652_close_icon
views-count1494 դիտում article-date 11:13 07-06-2019

«Ճիշտ բռնություն» չի լինում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բռնության կոչերը ես լսել և կարդացել եմ վաղուց, և վերջին տարիներին, մինչև հեղափոխությունը, դրանք ուղղված էին երրորդ նախագահի և նրա շրջապատի դեմ: Ավելին՝ 2017 թվականի ամռանը մի խումբ զինված մարդիկ ակնհայտ բռնություն կիրառեցին, հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա, որի հետևանքով եղան մարդկային զոհեր: Բայց այդ բռնությունը խիստ ողջունելի համարվեց հայ հասարակության կողմից, իսկ այսօր պաշտոնատար անձինք դրա մասին առանձնապես չեն խոսում: Հիմա էլ ֆեյսբուքում ես ամեն օր հաշվեհարդարի կոչեր եմ կարդում՝ ուղղված նախկին իշխանավորներին և նրանց մերձավորներին (ոմանք կարծում են, որ «անցումային արդարադատությունը» հենց դա՛ է), և պաշտոնական մակարդակով դարձյալ, կարծես թե, դրանց ոչ ոք չի անդրադառնում: Արցախի նախագահին բռնությամբ սպառնացողին էլ, որքան գիտեմ, այլևս չեն հետապնդում: Եվ ի՞նչ եղան, ի դեպ, «Ռեսթարթի» երիտասարդները, որոնք բռնություն են կիրառել ՀՀ քաղաքացու հանդեպ՝ անկախ նրանից ում է դուր գալիս նրա գործունեությունը, ում՝ ոչ: Այնպես որ, որոշ դեպքերում, երբ բռնության կամ բռնության սպառնալիքի թիրախը վատ մարդիկ են կամ «ռեժիմն» է, դա համարվում է եթե ոչ խրախուսելի, բայց բավականին նորմալ երևույթ՝ «դե, ժողովուրդն է, 30 տարի թալանվել է, կեղեքվել է, նրա զգացմունքները պետք է հասկանալ»: Երբ Դաշնակցությունը (որն այս պահիս ընդդիմություն է) կազմակերպում է բռնությունը, ծեծը գովազդող ֆլեշմոբ՝ «հանուն ազգային արժեքների», դա նույնպես, իմ կարծիքով, խիստ դատապարտելի է, և նորմալ մարդիկ միանշանակ, առանց վերապահումների իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել այդ քստմնելի ակցիայի հանդեպ: Բայց քանի որ իշխանությունն ուրիշ դեպքերում լռում է, իսկ իշխանության երկրպագուները շատ դեպքերում ողջունում են «ճիշտ բռնությունը» կամ դրա կոչերը, Դաշնակցության ակցիայի հանդեպ չափից դուրս բուռն հետաքրքրությունից երկակի ստանդարտների հոտ է գալիս: Իհարկե, եթե կան մարդկանց խմբեր, որոնք ինչ-որ հանցագործություն են հղացել, դրա համար, այդ մարդիկ, անշուշտ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ անկախ նրանից, թե ինչ գույնի զգեստներ են հագնում: Բայց, կարծում եմ, դրա մասին չպետք է հայտնի երկրի առաջին դեմքը՝ դա պիտի անեն իրավապահները ավելի «չոր» և գործնական լեզվով: Քաղաքական գործչի շուրթերում այդ սպառնալիքները ձեռք են բերում քաղաքական բնույթ և կարող են տպավորություն թողնել «անցանկալի» մարդկանց դեմ քարոզչության: Առավել ցավալի է, որ դավադրությունների այս ակնարկներում ինչ-որ ձևով հայտնվում է Արցախը և նրա ղեկավարությունը: Չեմ ցանկանում անգամ քննարկել այդ թեման, որովհետև այն վտանգավոր եմ համարում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր