211652_close_icon
views-count948 դիտում article-date 18:02 05-06-2019

Իտալիայի Լուկա քաղաքը ոգեկոչել է հայ Սուրբ Դավթի օրը. քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Ս․ Միքելե եկեղեցում մատուցվել է պատարագ և համերգ

Հունիսի 3-ին Իտալիայի Լուկա քաղաքը ոգեկոչեց հայ Սուրբ Դավինոյի (կամ Դավթի) օրը, որի առթիվ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Ս․ Միքելե եկեղեցում մատուցվեց պատարագ և համերգ։ Պատարագի ընթացքում, որին մասնակցում էին Արևմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ Խաժակ արք․ Պարսամյանը, Լուկայի քաղաքապետը, եպիսկոպոսը, բազմաթիվ տեղացիներ, հյուրեր ու զբոսաշրջիկներ, ողջույնի խոսքով հանդես եկավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Իր խոսքում դեսպան Նազարյանը կարևորեց XI դարասկզբի ազգությամբ հայ ուխտավորի հիշատակին նվիրված համաժողովրդական տոնախմբումը և այն հաջորդող սերունդներին փոխանցելու տեղի հոգևոր հայրերի ու վարչական պատասխանատուների հանձնառությունը։ ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց երկու ժողովուրդների կողմից նույն՝ քրիստոնյա արժեհամակարգը կրելու և համընդհանուր մշակութային, հոգևոր առնչությունների կարևորության մասին, որոնք այսօր մեծապես արձագանքում են ինչպես հայ-վատիկանյան միջպետական կապերի, այնպես էլ եվրոպական երկրների հետ Հայաստանի ունեցած փոխհարաբերությունների առավել ընդլայնման գործընթացներում։ Լուկայում գտնվելու առթիվ դեսպան Նազարյանին և արք․ Պարսամյանին ընդունեցին պրեֆեկտ Լեոպոլդո Ֆալկոն, նահանգի նախագահ Լուկա Մենեզինին և քաղաքապետ Ալեսանդրո Տամբելինին։ ՏԵՂԵԿԱՆՔ․ Սուրբ Դավինոսի (Դավինոյի կամ Դավթի) մասին հիշատակում կա նաև Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա արք․ Օրմանեանի «Ազգապատում» աշխատությունում առ այն, որ ծագումով Հայաստանից Դավիթը մեկնելով ուխտագնացության Երուսաղեմ, Հռոմ և Իսպանիա վերջնականապես հաստատվում է Լուկա քաղաքում, վայելելով խստակրոն ճգնավորի և հրաշագործի համբավը, մշտապես օգնելով տեղացիներին ու կարիքավորներին։ Նա վախճանվել է 1050թ․ հունիսի 3-ին, իսկ մեկ դար անց՝ Հռոմի պապերից մեկը Դավթին դասել է Կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգին։ Այսօր էլ hայ սրբի գերեզմանը մեծ պատվով պահպանվում է Լուկայում որպես քաղաքի երկնային պաշտպան և ճանաչվում որպես հայազգի երանելիներից մեկը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր