1525 դիտում
11:26 05-06-2019
Նիկոսիայում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 4-ին Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Քրիստոդուլիդեսի մասնակցությամբ:
Արտգործնախարարները համաձայնության եկան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով երեք երկրների միջև խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է։
ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին, որ այս ձևաչափով համագործակցության մեկնարկը վկայում է համատեղ պատրաստակամության մասին՝ խթանելու եռակողմ մակարդակով ակտիվ փոխգործակցությունը և զարգացնելու արդյունավետ շփումները՝ ի շահ մասնակից պետությունների և ժողովուրդների։ Այդ համատեքստում ԱԳ նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, զբոսաշրջությունը և մշակույթը:
Մասնակիցներն ուրվագծեցին եռակողմ ձևաչափով ձեռնարկվելիք հետագա քայլերը: Այդ առնչությամբ որոշում կայացվեց երկրի ղեկավարների՝ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին։
Արտգործնախարարներ Մնացականյանը, Կատրուգալոսը և Քրիստոդուլիդեսը մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում և բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ Այս համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարներն իրենց աջակցությունը հայտնեցին դրանց ամրապնդմանն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործըկերության համաձայնագրի շրջանակներում:
Հանդիպման ավարտին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն ընդունեցին համատեղ հայտարարություն: ԱԳ նախարարները հանդիպման արդյունքներով հանդես եկան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նույն օրը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Յորգոս Կատրուգալոսը և Նիկոս Քրիստոդուլիդեսը հանդիպում ունեցան Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
23:04 08-05-2019
Երևանում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին