211652_close_icon
views-count97418 դիտում article-date 10:56 30-05-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. Զովունիի գյուղապետարանում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պահանջում են, որպեսզի Կոտայքի մարզպետը «խաղեր չտա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Գյուղապետարանի նիստերի դահլիճում են հավաքվել գյուղացիները և պահանջում են, որպեսզի խոշորացված համայնքի ղեկավարը չեղյալ հայտարարի իր կողմից կայացված որոշումը, որով աշխատանքից իբրև թերացում ունենալու պատճառով ազատվել է Զովունիի գյուղապետ Վրույր Սիմոնյանը։ Մթնոլորտը նիստերի դահլիճում լարված է, գյուղացիները պահանջում են, որպեսզի Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը մարզպետին տեղեկացնի, որ իրենց «եփած ճաշը զովունցիները չեն ուտի». «Մենք ընտրել ենք գյուղապետ ու նրանից գոհ ենք։ Մեր դարդին դարման լինողը գյուղապետ Վ. Սիմոնյանն է։ Հիմա էլ մարզպետը սաղ պարը պարել էր, մնացել էր «Սարի սմբուլ»-ը։ Եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, մենք էլ նույն ձևով ենք առաջնորդվելու, ինչպես 1 տարի առաջ առաջնորդվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ճանապարհներն ենք փակելու»։ «Մարզպետը ի՞նչ գիտի մեր խնդիրների մասին։ Ինչ հարց լինում է՝ թե՛ ուրախություն, թե՛ տխրություն, դիմել ենք մեր գյուղապետին, ով իր հնարավորության սահմաններում սատար է կանգնել։ Մենք նույնիսկ դեմ ենք խոշորացմանը։ Ի՞նչ է նշանակում՝ մի հատ տեղեկանք ստանալու համար Զովունիից պետք է հասնենք Եղվարդ։ Դուք պատերացնո՞ւմ եք, էս սոցիալական բարդ պայմաններում գյուղացին պարտք է անելու, որ տրանսպորտով հասնի Եղվարդ, երբ նախկինում նման հարցերով դիմում էինք գյուղապետարան ու դրական պատասխան էինք ստանում։ Ուզում ենք մարզպետին տեղեկացնել, որ այս պահին զերծ ենք մնում կտրուկ գործողություններից, բայց եթե նա շարունակի խաղալ մեր նյարդերի հետ, ապա մենք էլ նրան նույն ձև ենք պատասխանելու։ Թող մարզպետն իմանա, որ իր գործողություններով չարիք է սերմանում»,-նշում էին գյուղացիները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղապետարան են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ Նաիրիի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր