211652_close_icon
views-count2765 դիտում article-date 19:16 29-05-2019

Կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ և կորեերեն սովորած ուսանողներին ավարտական վկայականների հանձնում ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ավարտին կորեերենի ուսուցման դասընթացին մասնակցող ուսանողները ստացան ավարտական վկայականներ: Ցերեկույթը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Ներկաների թվում էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ ուսանողներ: Արթուր Իսրայելյանը, որը ԵՊՀ-ում համակարգում է կորեերենի աշխատանքները, մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց մտադրություն կար ԵՊՀ-ում, բացի չինարենից և ճապոներենից, կազմակերպելու նաև կորեերենի դասընթացներ: «Իմ նպատակներից մեկն էր ԵՊՀ-ում ասիական երեք լեզուների (չինարեն, ճապոներեն և կորեերեն) դասավանդումը: Կորեացիների հետ ես աշխատում եմ 2010 թվականից: Ձեռնամուխ լինելով ծրագրի իրագործմանը՝ 2018 թվականի հոկտեմբերից բանակցություններ վարեցինք ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի հետ: Արդյունքները սպասեցնել չտվեցին. մեկ ամիս անց ԵՊՀ ռեկտորի աջակցությամբ մեկնարկեց կորեերենի դասավանդումը»,- պարզաբանեց Ա. Իսրայելյանը: Ա. Իսրայելյանի համոզմամբ, կորեերենի մուտքը ԵՊՀ հաջողված էր, ուստի սեպտեմբերից դասընթացին վճարովի հիմունքներով կարող են մասնակցել նաև տարբեր համալսարանների ուսանողներ. «Ապագայում նախատեսվում է նոր խմբակի բացում, որտեղ ներգրավվելու են ոչ միայն ԵՊՀ, այլև տարբեր բուհերի ուսանողներ»: Վերջինիս հավաստմամբ, սեպտեմբերից կորեերենը՝ որպես երկրորդ արևելյան լեզու, ներառվելու է Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: Անդրադառնալով կորեերեն սովորող ուսանողների ոգևորությանը և խանդավառությանը՝ Ա. Իսրայելյանը նշեց, որ լեզվի հանդեպ սերն ուսանողների մոտ ձևավորվել է կորեական մշակույթի շնորհիվ: Կորեերեն սովորող ուսանողները միջոցառման ընթացքում հանդիսատեսին և հյուրերին ներկայացրին կորեական մշակույթի ժառանգությունը. բանաստեղծություն, երգ ու պար, բեմադրություն, որոնք կորեական մշակույթի լավագույն նմուշներն էին: Ցերեկույթի ավարտին կորեերենի դասընթացներին մասնակցած 52 ուսանողներ ստացան ավարտական վկայականներ: Ուսանողներին վկայականները հանձնեց ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Սարգսյանը կորեերենի դասընթացներին մասնակցող ուսանողուհիներից է: Մերին կարծում է, որ այս դասընթացները հնարավորություն ընձեռեցին իրեն դիտելու ու թարգմանելու սիրելի ֆիլմերը, ինչպես նաև ունկնդրելու կորեական երաժշտությունը: Մերին ապագայում ծրագրում է բանասիրական աղբյուրներից թարգմանչական աշխատանքներ կատարել կորեերենով: Իսկ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սաթենիկ Խաչատրյանը կորեերենի դասընթացներն իր ուսանողական կյանքի ամենամեծ ձեռքբերումն է համարում: «Ես նոր ոգևորությամբ եմ աշխատելու՝ խորացնելով կորեերենի իմ ունեցած գիտելիքները»,- նշեց Սաթենիկը: Վերջինս մտադրված է նաև ճամփորդել իր երազանքների երկրում՝ Կորեայում: Տեղեկացնենք, որ երկու ուսանողուհիներն էլ գերազանց են հանձնել կորեերենի քննությունը: Նշենք նաև, որ կորեերենի դասընթացը վարում է Հասմիկ Ճաղարյանը, որը սովորել է Սեուլի համալսարանում: Նրան օգնում է ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր