211652_close_icon
views-count2862 դիտում article-date 00:13 28-05-2019

ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, չի երաշխավորում դատավորների անկախությունը. Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը

Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրել է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարեց մոտ 6 ժամ քննարկումներից հետո։ Ընդհանուր ժողովի հայտարարության տեքստն ընթերցեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ «Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության վերաբերյալ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաեւ զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակում դատավորների հասցեին հնչող արտահայտությունները՝ Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ․ ա/ Դատավորների ընդհանուր ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայմանը։ Սակայն այն պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանաված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում։ Դատավորների ընդհանուր ժողովը որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին՝ արտահայտելով դատավորների կամքը պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության եւ դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում։ բ/ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին՝ դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով։ գ/ Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է յուրքանչյուրի՝ կարծիքն ազատ արտահայտելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։ Դատավորների ընդհանուր ժողովն ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաեւ դատական իշխանության համար։ Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ՝ դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն եւ կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից։ դ/ Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք է ունեցել 229 դատավոր, որոնցից ներկայացել էին 165-ը։ Հիշեցնենք, որ ընդհանուր ժողովը գումարվել էր դատավորների նախաձեռնությամբ․ ստորագրահավաքին մասնակցել էր 62 դատավոր։ Այս հիմքով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հրավիրել էր արտահերթ նիստ։

Նմանատիպ նյութեր