211652_close_icon
views-count1206 դիտում article-date 13:10 24-05-2019

Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա. ԿԳՆ-ն մանրամասնում է նոր ծրագիրը

Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ: «[url=https://armenpress.am/arm/news/975964.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ներկայում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետև հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով: «Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել և արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է: Այն ուղարկվել է կառավարություն: Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,-ասել է Աշոտ Արշականը: Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով և նոր բովանդակությամբ: Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետևաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայում հին ծրագրով վերապատրաստում իրականացնել: «Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն: Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաև վերապատրաստումների գործիքակազմը: Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր և վերապատրաստումներն անցկացվում էին: Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հադես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել: Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,- ասել է Աշոտ Արշակյանը: Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում ևս փոփոխություններ են սպասվում: Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ-որ ձևով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա: «Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս և առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել: Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել և համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում, նրա աշխատավարձը կարող է մինչև 50 տոկոս բարձրանալ: Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,-ասել է Աշոտ Արշակյանը: Հարցին թե կարո՞ղ է ատեստավորման այս մոտեցումը խթան լինել, որ ուսուցիչներն իրենց հմտությունները շարունակական զարգացնեն, նախարարության ներկայացուցիչը նշել է, որ միանշանակ այո: Աշոտ Արշակյանը նշել է, որ իրենք խնդիր են դրել լուրջ աշխատանք տանելու նաև ուսուցիչների պատրաստման գործընթացում: Չափանիշների հետ կապված առաջարկություններ կներկայացվեն մանկավարժական բուհերին: Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020 թվականն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով:

Նմանատիպ նյութեր