211652_close_icon
views-count2080 դիտում article-date 21:04 22-05-2019

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Արցախի 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը մայիսի 22-ին քննարկվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Արամ Գրիգորյանը: Ներկայացնելով քաղաքաշինության նախարարության 2018թ-ի կատարողականը՝ նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով պետական բյուջեից հատկացվել է 20մլրդ 616մլն դրամ, կատարողականը կազմել է 20մլրդ 585մլն դրամ կամ 99,9%-ը: Գյուղատնտեսության նախարարությանը, համաձայն նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանի ներկայացրած հաշվետվության, տրամադրվել է 4մլրդ 685մլն դրամ, կատարողականը՝ 4մլրդ 510մլն դրամ կամ 96,3%-ը: Նախարար Լևոն Գրիգորյանը, խոսելով էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության 2018թ-ի բյուջեի ծախսերի մասին՝ նշել է, որ 14 ծախսային և 1 եկամտային ծրագրի համար հատկացվել է 3 մլրդ 853մլն դրամ: Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը, ներկայացնելով նախարարության նախորդ տարվա կատարողականի ցուցանիշները, նշել է, որ նախարարության և նախարարությանը ենթակա կազմակերպության գործունեության համար տրամադրվել է 331մլն 133հազ դրամ, որի փաստացի ծախսը կազմել է 308մլն, 905հազ դրամ կամ 93%-ը: Շարունակելով նիստը՝ հանձնաժողովը լսել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հաշվետվությունը: Նրա փոխանցմամբ՝ 22 կարգավորվող ընկերություններից հավաքագրված 172մլն 140հազ դրամ պարտադիր կարգավորման վճարներով ապարատը հոգացել է իր պահպանման ծախսը՝ կատարելով այն 90,1%-ով: Արցախի ներդրումային հիմնադրամին 2018թ-ին պետբյուջեից հատկացվել է 2մլրդ 500մլն դրամ: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանի խոսքով՝ ծախսվել է 2մլրդ 509մլն դրամը: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը, ներկայացնելով հիմնադրամի նախորդ տարվա ծախսերը՝ նշել է, որ «Աջակցություն հիմնադրամին» ծրագիրը կազմել է՝ 1մլրդ 350մլն դրամ և իրականացվել է 100%-ով, իսկ «Սերմերի և ազնվացեղ խոշոր եղջերավոր անասունների արժեքի մասնակի սուբսիդավորում» ծրագիրը՝ 79մլն 500հազ դրամ՝ կատարողականը՝ 99,8%: Պատգամավորները զեկուցողներին են առաջադրել հարցեր և ներկայացրել առաջարկություններ: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Նմանատիպ նյութեր