Գերմանիայում 5 տեղանոց թռչող տաքսի է փորձարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 4-ին հաջողությամբ ավարտվել են 5 տեղանոց թռչող տաքսու նախատիպի փորձարկումները:
Այդ մասին հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված տեսանյութի շնորհիվ:
Նոր տրանսպորտային միջոցը ստեղծել է Lilium ընկերությունը, որին էլ պատկանում է նախագիծը: Այն հիմնադրվել է 2015թ.-ին՝ 4 ընկերների համագործակցությամբ:
Ընկերությունը զարգացնում է օդային տրանսպորտի նորարարական ծառայությունների ոլորտը:
Նշվում է, որ նախագիծը նպատակ ունի ստեղծելու ավելի մատչելի և հարմար տրանսպորտային միջոց, որն ավելի արագ կգործի քան ավտոմեքենան:
5 տեղանոց օդային տաքսին հագեցած է 36 ռեակտիվ էլեկտրական շարժիչներով, որոնք հնարավորություն են տալիս ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարել, իսկ տաքսու առավելագույն արագությունը կազմում է 300կմ/ժ:
Lilium ընկերությունը օդային տաքսու ծառայությունները կմատուցի 2025թ.-ից՝ ողջ աշխարհով մեկ:
Պատվերները կընդունվեն համապատասխան հավելվածի օգնությամբ, ինչպես դա արվում է այսօր՝ սովորական տաքսիներ պատվիրելու դեպքում: