211652_close_icon
views-count2038 դիտում article-date 15:01 13-05-2019

Հրաչյա Չանդիրյան. Գերնպատակը Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելն է

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնությունը: «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» մայիսի 10-12-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում: «Առաջնությանը մասնակցում էին 40 մարզիկներ։ Ուրախալի էր, որ բավական շատ էին սկսնակները։ Եվրոպայի առաջնությունում Լև Սարգսյանի և Վլադիմիր Հարությունյանի նվաճած մեդալի շնորհիվ մարզաձևը գովազդվեց ու երեխաները սկսեցին հաճախել։ Մեծահասակների արդյունքից այդքան էլ գոհ չեմ։ Խնդիրներ կան. Լև Սարգսյանն ունի մեջքի խնդիր, վնասվածք ունի նաև Ազատ Հարությունյանը, որին բժիշկները 1 տարի արգելել էին մարզվել աշտարակացատկից, բայց այս առաջնության ժամանակ փորձեցինք: Դեռ ժամանակ կա մինչև մեր գլխավոր մեկնարկներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Մինչև այդ Սարգսյանն ու Հարությունյանը կմասնակցեն ամաշխարհային Գրան պրիին: Այդ մրցաշարից հետո պարզ կլինի, թե ինչ մարզավիճակով ենք մոտենում աշխարհի և Եվրոպայի առաջնություններին»,- ասաց մարզիչը: Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ գերնպատակն աշխարհի առաջնության անհատական ցատկերի եզրափակիչում՝ լավագույն 12-յակում հայտնվելն է․ «Դա հնարավորություն կտա Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճել։ Գերնպատակը դա է: Եթե չստացվի, ապա Եվրոպայի առաջնությունում կփորձենք մեդալ նվաճել։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր վերջին փորձը կլինի 2020-ին Տոկիոյում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ անհատական ցատկերում որակավորվում են 10 լավագույնները, իսկ սինքրոնում՝ լավագույն քառյակը»,- խոսքը եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Նմանատիպ նյութեր