211652_close_icon
views-count1074 դիտում article-date 14:44 08-05-2019

Վարչապետը ներկայացրել է կրթության ոլորտում գրանցված արդյունքները. նվազել են ուսանողական վարկերի տոկոսադրույքները

Հայաստանում հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակների և ինժեներական լաբորատորիաների թիվն ավելանում է, և կառավարությունն այդ ուղղությամբ հատկացրել է համապատասխան միջոցներ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի համար՝ 352 միլիոն ՀՀ դրամ: Արդյունքում, 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ, ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6 հազար 500 սովորող: 2017թ-ի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2 հազար 500-ով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում կրթական հաստատությունները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ։ Փոփոխություններ են արձանագրվել նաև ուսանողական վարկերի տրամադրման ուղղությամբ: Մասնավորապես, բարձր առաջադիմությամբ ուսանողների համար ուսանողական վարկեր հասանելի են համապատասխանաբար 6 և 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով, նախկին՝ 9 և 10 տոկոսի փոխարեն: Վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ, նախկին 450 հազար փոխարեն:

Նմանատիպ նյութեր