211652_close_icon
views-count869 դիտում article-date 21:46 02-05-2019

Տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ամեն ինչ հասկանալու, գնահատելու համար լեզուների իմացությունը գերխնդիր է. Ֆելիքս Ցոլակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպած յոթամսյա անգլերեն դասընթացներն ավարտած ՀՀ ԱԻՆ 14 աշխատակիցներին (INSARAG թիմի անդամներ) վկայականների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ՄԹ ռազմական կցորդի տեղակալ Մայոր Ուիլյամ Ջորջը և ՄԹ դեսպանության պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մեր ժամանակներում լեզուների իմացությունը չափազանց նշանակալի գործոն է, և կյանքի բերումով հայ ժողովուրդը շատ լավ է գիտակցում օտար լեզվի իմացության կարևորությունը: «Հայերն, ապրելով աշխարհի բազմաթիվ երկրներում, երբեմն միմյանց հետ խոսում են թարգմանչի միջոցով: Ժողովրդական ասացվածք կա՝ որքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Առավել ևս տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ամեն ինչ հասկանալու, գնահատելու համար լեզուների իմացությունը գերխնդիր է»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարի խոսքով ԱԻՆ-ը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, կարևորելով ԱԻՆ աշխատակիցների անգլերեն լեզվի կարողությունների զարգացումը, պարբերաբար անց են կացնում անգլերեն լեզվի դասընթացներ: Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ ներկայում սովորում է հայերեն և գիտի, թե որքան բարդ է օտար լեզու սովորելը: «Մենք քաջ գիտակցում ենք, որ աջակցելով ձեզ` ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամներին, մենք աջակցում ենք նաև բազմաթիվ այլ մարդկանց»,- նշեց Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակիցներին Հայաստանում և արտերկրում կատարած մարդասիրական աշխատանքի համար: Ի թիվս այլ մասնակիցների՝ ԱԻՆ փրկարար ծառայության ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Մելիք Ասիլյանը, կիսվելով դասընթացից ստացված տպավորություններով և արդյունքներով, նշեց, որ ստացված գիտելիքների շնորհիվ կարողացել է հաջողությամբ հաղթահարել INSARAG-ի որակավորման քննությունների արգելքը՝ անգլերեն լեզվով: Միջոցառման վերջում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին՝ կոչ անելով շարունակել սովորել միջազգային լեզվի կարգավիճակ ունեցող անգլերեն լեզուն: «Ցանկանում եմ, որ դուք խորացնեք ձեր գիտելիքները: Այն, ինչ դուք հիմա գիտեք՝ դեռ սկիզբն է»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2015 թ. Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ այն բանից հետո, երբ հայկական Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը սեպտեմբերի 1-4-ը բարեհաջող կերպով հաղթահարել էր որակավորման եռօրյա վարժանքը և դասակարգվել որպես միջին մակարդակի ՔՈՓ թիմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր