211652_close_icon
views-count1046 դիտում article-date 16:15 02-05-2019

Կառավարությունը մասամբ ընդունեց Երևանում մասին օրենքի փոփոխության վերաբերյալ ԼՀԿ առաջարկը

Կառավարությունն այսօրվա նիստում մասնակի ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվող անձանց շրջանակը: Նախարարն ասաց, որ այս կետն իրենց համար անընդունելի է: «Նախ՝ ավագանու նիստը հրապարակային է, ավագանու նիստերը քաղաքապետարանի կայքով հեռարձակվում են առցանց: Օրինակ՝ եթե մեկ միլիոն չափահաս բնակչից հազարը ցանկանան մասնակցել նիստին, ապա մենք խնդիր կունենանք և ավագանու նիստը տեղի չի ունենա»,- ասաց նախարարը: Ըստ նախարարի՝ շատ կարևոր կետ է նիստին լրագրողների մասնակցության հարցը: «Սա մասամբ է բավարարվել: Երբ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկեցինք, նրանք համաձայնեցին, որ լրագրողները կարող են ներկա գտնվել ավագանու նիստերի դահլիճին կից վայրում, որտեղից տեսանելի և լսելի է ավագանու նիստը»,- ասաց նա: Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի փոփոխություն էր տեղի ունեցել, որով լրագրողների համար սենյակ էր հատկացվել և դահլիճ մուտքը կասեցվել էր: «Այս պարագայում Երևանի քաղաքապետարանը ապահովում է լրագրողների ներկայությունը նիստերի դահլիճի կից վայրում»,- ասաց Պապիկյանը: Վարչապետը հետաքրքրվեց՝ այսի՞նքն ԱԺ-ի պես։ Պապիկյանը պատասխանեց, որ ավելի մոտ: Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ ԼՀԿ-ն առաջարկել է վերացնել քաղաքապետարանում ճեպազրույցների ժամանակ լրագրողների հավատարմագրումը, ինչը ևս անընդունելի է: «Մեր կառավարությունը, պետական մարմինները թափանցիկության հետ խնդիր չունեն: Հիմա նույնիսկ ԱԱԾ-ն է թափանցիկ, սկսել են դրա համար մեզ քննադատել»,- ասաց վարչապետը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ տեղից ասաց, որ թափանցիկ չեն: «Հա՞, այլևս թափանցիկ չե՞ք»,- ծիծաղելով հարցրեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր