Սեմինար-հանդիպում ակումբների մամուլի պատասխանատուների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 30-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների մասնակից ակումբների մամուլի պատասխանատուների հետ:
Սեմինարը կազմակերպել էին ՀՖՖ Արտոնագրման և Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինները: Սեմինարի ընթացքում գլխավոր բանախոսը ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանն էր, ով սկզբից ներկայացրեց 2018 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում ՀՖՖ գործունեությունը, ուղղվածության փոփոխությունը և ձեռքբերումները մեդիա դաշտում:
Այնուհետև քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ակումբների պաշտոնական կայքերի և սոց.ցանցերի վարման քաղաքականությունն ու ուղղվածությունը, PR ռազմավարությունը, հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ակումբների պարտավորությունները, ՀՖՖ-ակումբներ հարաբերությունները և այլն:
Սեմինարն անցավ ինտերակտիվ քննարկման ձևաչափով, մասնակիցները հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և ստանալ ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանի և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի խորհրդատվությունը:
Սեմինարի ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան իրենց ուժերը փորձել նաև 10 հարցից բաղկացած ինտելեկտուալ խաղում: Վահան Բերակչյանը և Հայկ Կարապետյանը հավաստագրեր հանձնեցին ակումբների մամուլի պատասխանատուներին: Կողմերը պայմանավորվեցին հաճախակի դարձնել նմանատիպ սեմինարները, ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումները: