211652_close_icon
views-count2074 դիտում article-date 21:17 27-04-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի հոբելյանական տոնախմբության շրջանակներում, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջկրոնական արարողությունը։ Միջկրոնական արարողությանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական հրավերով իր մասնակցությունը բերեց և բանախոսությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան, Կարդինալ Պարոլինը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կաթոլիկ և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով, որտեղ հողի ամեն անկյուն և հատիկ ներծծված է վկաների ու նահատակների արյունով, որի դարավոր մշակույթն ու քաղաքակրթությունը խորապես դաջված են քրիստոնեական հավատի ներշնչող ու առինքնող կնիքով։ Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Փրկագործության պատմությունը՝ Նոյյան ջրհեղեղից սկսած մինչև Փրկչի մարդեղացում բյուրեղացած ու լեռնացած է բիբլիական Արարատի վսեմ ներկայությամբ, որտեղ հավատն ազգային կեցություն է ու ապրելակերպ։ Ահա այս փորձառության ու ավանդության լույսի ներքո ենք այսօր Ձեզ հետ կիսելու մեր մտածումներն այս աշխարհում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության կարևորագույն հեռանկարներից մեկի՝ հավատի կարևորության ու ժամանակի մասին արդի հասարակության մեջ։ Ս․ Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքն ու ապրելակերպն ամփոփել է հետևյալ համառոտ, բայց խորիմաստ նախադասությամբ․ «որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթների վրա հիմնված»։ Քրիստոնյայի ընթացքը, կյանքն ու կենցաղը, ըստ առաքյալի խոսքի, հաստատված է ոչ թե երևույթների, կարծիքների ու տեսակետների, այլ հավատի վրա։ Քայլել հավատով, ըստ այսմ, նշանակում է մեր ողջ կյանքն ու առաքելությունը, իբրև քրիստոնյա, հանձնել Տիրոջն ու մեր գոյության բոլոր օրերում հենվել Նրա հանդեպ ունեցած վստահության վրա, ըստ աստվածաշնչյալ հեղինակի․ «Տիրոջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ, ճանաչի՛ր Նրան քո բոլոր ճանապարհներին» (Առակաց Գ 5)։ ...Սիրելինե՛ր, արդի հասարակությունը, հակառակ գիտատեխնիկական ու գաղափարական առաջընթացի արագ զարգացմանը, նույնպես կարիք ունի հավատի։ «Եթե չհավատաք, չեք հասկանա»,- այսպես է պատգամում Եսայի մարգարեն իր ժամանակի հասարակությանը (հմմտ․ Ես․ Է 9), և նրա կոչն այսօր էլ, առավել քան երբևէ, հնչում է արդիական ու կարևոր։ Ներկա ժամանակներում շատ հաճախ հավատի մասին սխալ պատկերացումների արդյունքում այն շփոթում են օրենքների ու կանոնների ամբողջության հետ՝ այդպիսով եղծելով հավատի հիմնական նշանակությունը․ հավատը ոչ թե օրենքների ու կանոնների ամբողջությունն է, այլ նախևառաջ հարաբերություն Աստծո և մարդկանց հետ, բոլորանվեր ու ամբողջական սեր առ Աստված և առ մերձավորը։ Հետևաբար, ներկա հասարակությունը կարիք ունի նորովի հասկանալու, ըմբռնելու հավատի հրաշագործ ու խորհրդավոր զորությունը, որն աներևակայելի ուժ ունի հատկապես մարդո՛ւ ներաշխարհում։ Հավատի առաքելությունն այսօր մարդն է՝ թե՛ իբրև անհատ և թե՛ իբրև հասարակություն, մարդը՝ անհատական ու հասարակական իր բոլոր խնդիրներով։ Անկեղծ ու մաքուր հավատի առաջին օրինակից մինչև վաղ եկեղեցու հալածանքների ժամանակ վկայած նահատակներ, հոգևոր ներքին մարտիրոսությամբ սրբացած ճգնավորներից մինչև սոցիալական ու հասարակական անարդարության համար պայքարող նվիրյալներ, բոլորն էլ օրինակել են քրիստոնեական հավատի իրական, անեղծ բովանդակությունը, որի նոր սահմանումը ենթադրում է անցյալում ապրած հավատի վկաների կյանքի ու առաքելության վերապատմում նո՛ր իրականության համար։ Բայց հավատի այս նոր առաքելությունը չի կարող բացառիկության իր բարձունքից պարտադրվել մարդկանց։ Հավատի ճշմարտության այդ սուբյեկտիվ իրականությունը մենք, իբրև Հայաստանյայց եկեղեցի, զգացել ու ճանաչել ենք Ի․ դարասկզբից, երբ մեզ պարտադրաբար հրամցվել են մարդկային մտքի ու սկզբունքների, երևույթների վրա հիմնված հավատի ճշմարտություններ, որոնք, սակայն, ինչպես արդեն ցույց է տվել պատմությունը, մարդկային հոգին զորացնելու փոխարեն տկարացրել են այն, հարստացնելու փոխարեն՝ աղքատացրել, բարձրացնելու փոխարեն՝ ամուր կապել նյութին ու նյութականին․․․ Մենք քաջ գիտենք, որ մարդկային կարծիքի ու տեսակետի վրա կառուցված հավատի ճշմարտությունը միշտ բերրի դաշտերը վերածում է անապատների, ծաղկուն լեռները՝ մռայլ ու գորշ բարձունքների։ Եվ ուրեմն, մեր օրերում քրիստոնեական եկեղեցին իր առաքելության ճանապարհին անհրաժեշտաբար պետք է հասարակության մեջ ամրագրի հավատի ու ճշմարտության փոխհարաբերության այն բացառիկ օրինակը, որը ծնվել է սրտով հավատալուց (հմմտ․ Հռոմ․ Ժ 10), հասունացել առաքինի ու ճշմարիտ կյանքի գործերով և պտղաբերել միլիոնավոր մարդկանց կենցաղի բարելավմամբ ու հոգևոր արթնությամբ։ Հավատի վկայություն, որը հենվում է ոչ թե մարդկային, այլ աստվածային ճշմարտության վրա՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի ապրած կյանքի ու փրկագործական տնօրինությանց։ Մեր օրերում արդեն գրեթե հանապազ են դարձել հավատի ընկալման ծայրահեղ դրսևորումները։ Մի կողմից՝ հավատի օրինակով ապրել կամեցող որոշ խմբեր ու անհատներ հավատո իրենց ճշմարտությունն ընկալում են իբրև բացառող, հաճախ նաև բացասող երևույթ՝ ի հաշիվ, շատ հաճախ, մեծամասնաբար այդ կարծիքը չկիսող հասարակության։ Մյուս կողմից, ճշմարտության ու հավատի ընդելուզմամբ ծնվող անանց արժեքների հանդեպ անհատական ու հասարակական վստահության զգացումը դիտարկվում է որոշակի վերապահությամբ՝ իբրև մի բան, որ խիստ ներանձնական է և թողնված է յուրաքանչյուրի խղճին։ Այո՛, հավատի ճշմարտության ընտրությունը խիստ ներանձնական ու անհատական իրողություն է, բայց դրա դրսևորումը, քրիստոնեական եկեղեցու տեսանկյունից, կերտում է ճշմարտության սյուն և հաստատություն հանդիսացող Աստծո կենդանի եկեղեցին (հմմտ․ Ա Տիմ․ Գ 15)։ Ահա այսպես է, որ ճշմարտության անհատական, ներանձնական մակարդակից հավատը՝ իբրև հավիտենական արժեքների վրա հիմնված ճշմարտություն, դառնում է այս կյանքում ընթանալու անշեղ ճանապարհ։ Այսպես է այն նույնանում աստվածպաշտության խորհուրդ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը «հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ․ Գ 16)։ Վերջապես այսպես է, որ հավատն ու ճշմարտությունը, նույնանալով մարդու անհատական ընտրությամբ, եկեղեցանում են՝ կերտելով Քրիստոսի եկեղեցու հավատի առաքելությունը ներկա աշխարհում։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպես արդեն նշեցինք, Եկեղեցու հավատի առաքելության նոր հեռանկարներից մեկն է անցյալում հավատի վկայությամբ ապրած սրբակենցաղ անձանց կյանքի ու վարքի նորովի վերապատմումն արդի հասարակության համար»: Իր խոսքի վերջում Նորին Սրբությունը ներկաներին հրավիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանի խոսքերով աղոթքի ու լռության պահի մեջ խորհրդածելու հավատի կարևորության և զորության մասին. «Քանզի արդարև սեռն տեսութիւն, Եւ կատարեալ իմաստութիւն, Եւ առ Աստուած ընտանութիւն, Եւ բարձրելոյն ծանաւթութիւն, Հաւատոց մասն երջանիկ եւ ընտրեալ անուն, Որ յարաձգեալ մնայ անվթար եւ անփակելի՝ Պատուակից գոլով սիրոյ եւ յուսոյ։ Զի եթէ փոքու սերմանի գոյի՝ Հատի մանանխոյ չափոյ նուսատի հաւատք Զլերանց մեծութիւն փոխէ զաւրեղապէս ի սիրտս ծովու, Ապա յիրաւի ընկալաք զսոյն սկզբնաշաւիղ առաջնորդ կենաց․․․ Քանզի թէ հաւատաս ի նա՝ եւ սիրես, Որով եւ յուսաս աներեւութից պարգեւաց նորին։ Նմա փառք յաւիտեանս։ Ամէն» (Մատեան ողբերգութեան, Ժ, 4։ 55-75)։ Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը, Մայր Աթոռի պատվիրակության, Կարդինալ Պարոլինի և Բենեդիկտյան վանական համալիրի վանահայր Հայր Բեռնարդոյի ու մյուս վանականների հետ շրջայց կատարեց Ֆլորենցիայի հայազգի առաջին մարտիրոսի անունը կրող տաճարում, ապա աղոթք կատարվեց սրբի նշխարների վրա կառուցված խորանի առաջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր