211652_close_icon
views-count1839 դիտում article-date 21:14 26-04-2019

Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենց վճռական գործողություններով մերժեցին քաղաքական համակարգում արատավոր բարքերն ու մշակույթը՝ դրանով նոր իրավիճակ և նոր հնարավորություններ ստեղծելով թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհասփյուռ հայության համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված և տպավորված է Հայաստանում տեղի ունեցածով, որը նոր ու նշանակալի էջ է բացել երկու երկրների հարաբերություններում։ Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ Լիոնի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո, յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ երկու երկրների միջև անցկացվում է Ապակենտրոնացված գործակցության համաժողովը։ Վերջինն անցկացվեց 2016թ-ին՝ Երևանում, հաջորդը կլինի այս տարի՝ Լիոնում։ Այստեղ են այդ համաժողովի աշխատանքների նախապատրաստման նպատակով։ Փոխքաղաքապետը նշել է, որ ցանկանում են վերաիմաստավորել մոտեցումները, նորովի համագործակցել, համաժողովի կարևոր մի հատված հատկացնել տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղություններին։ Նրա խոսքով՝ Ապակենտրոնացված համագործակցության համաժողովը չպետք է սահմանափակվի միայն երկու քաղաքների միջև հանդիպումներով, այլև պետք է առարկայական և շոշափելի ծրագրեր իրականացվեն։ Նախարար Հակոբ Արշակյանն իր աջակցությունն է հայտնել համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ ընդգծելով, որ ապակենտրոնացումն արդիական խնդիր է բոլոր ուղղություններով։ Նախարարը նշել է, որ ժամանակակից քաղաքներում շատ կարևոր է տեխնոլոգիական հագեցվածությունը, «սմարթ սիթի»-ների զարգացման ուղղությունը և պատրաստակամություն է հայտնել տեխնոլոգիական ուղղությամբ աջակցելու Երևանի և Լիոնի միջև սերտ համագործակցությանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մայիսին Փարիզում նախատեսում է մասնակցել «Վիվատեք» էքսպո ցուցահանդեսին՝ դրանով աջակցելով հայկական և ֆրանսիական ընկերությունների համագործակցությանը։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ընդգծել է Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքների միջև բովանդակային գործակցության կարևորությունը, օրինակ՝ Գյումրին իր տեխնոլոգիական կենտրոնով, Երևանը՝ ինժեներական քաղաքով, ֆրանսիական ընկերությունները՝ ինկուբատոր ձեռնարկություններով: Ժորժ Կեպենեկյանը Հակոբ Արշակյանին հրավիրել է մասնակցելու Ապակենտրոնացված գործակցության համաժողովին։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր