4944 դիտում
13:29 26-04-2019
Թբիլիսիում նշել են Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը
Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում ապրիլի 25-ին հանդիսավորապես նշվել է հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:
Ինչպես հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, դեռևս անցյալ տարի Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյանների համայնքային հանձնաժողովի ծրագրային միջոցառումն իրականացվել է Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանում հռոմեաական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Միջոցառումը դարձել է քույր եկեղեցական երգչախմբերի խոնարհումը Կոմիտաս վարդապետի երգարվեստին:
Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն եղբայրական սիրով ողջունել է հավատակից քույրերին և եղբայրներին:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը շաղկապել է Հայոց ցեղասպանության հետ, որի արհավիրքներին չդիմացավ ժողովրդի ծոցից ելած ազնիվ հայորդու սիրտը: Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ ,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:
Միջոցառման վարողներ Նինա Սերոպովայի և Սուրեն Աբրամյանի հայտարարությամբ Կաթոլիկ եկեղեցում տարածվել են Կոմիտասյան մեղեդիները Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյանի), Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար Մարիաննա Ասրիևայի կատարմամբ: Հնչեցին շարականներ ու տաղեր, աղոթակիր մեղեդիներ ու Կոմիտասի ստեղծագործությունները Մար Շիմմոնա Բար Սաբբաե ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցու երգչախմբի (խմբավար Իլոնա Բիլյանովա) Վրաստանի Ավետարանչական-Մկրտական Եկեղեցու «Քորալի երգչախմբի (խմբավար՝ Ռամազ Կեմուլարիա), Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան եկեղեցական երգչախմբի (խմբավար՝ Սվետլանա Տատոևա) կատարմամբ:
Վերջում կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին իր օրհնությունն է բաշխել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու բարեմաղթանքը, Թեմակալ առաջնորդը բարձր է գնահատել թեմի հոգևոր դասի՝ հավատացյալներին ծառայելու նվիրվածությունը, պաշտոնեության պատրաստակամությունը ազգային ավանդույթը և հոգևոր մշակույթը ժողովրդին մատուցելու գործում: Վազգեն սրբազանը «Ալիքմեդիա» օնլայն լրատվամիջոցի հիմնադիր տնօրեն Արսեն Խառատյանի և նկարչուհի Մարինա Խաչատուրովայի կողմից բանախոս Մհեր Նավոյանին փոխանցել է Կոմիտաս վարդապետին նվիրված գեղանկարը:
Հիրավի Կոմիտասյան չքնաղ երգն ու երաժշտությունը, հավատացյալներով լեցուն դահլիճում ստեղծել են անկրկնելի տպավորություն:
Վիրահայոց թեմում հոբելյանական միջոցառումները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
3866 դիտում
11:10 18-08-2019
Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
625 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
832 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով