211652_close_icon
views-count925 դիտում article-date 18:19 25-04-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։ Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ և ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին և պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան և շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին և նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ: Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին և ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արևմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման և կենդանիների պաշտպանության խնդիրների մասին: Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որևէ մարդ չզոհվեց և դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով: «Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարևոր է մեզ համար և մենք չէինք կարող որևէ նպատակի համար կյանք զոհաբերել»: Թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում հեղափոխությունից հետո, վարչապետն ասել է, որ փոփոխություններ ամեն օր են լինում: «Փոփոխությունները շարունակական են: Մեկ տարի առաջ Հայաստանում չկար ժողովորդավարություն, այսօր` կա, մեկ տարի առաջ Հայաստանում չկար ազատ մամուլ, այսօր` կա: Նախկինում ընտրության արդյունքները կեղծվում էին, այսօր` ոչ: Այսօր` հեղափոխությունից մեկ տարի անց, մենք պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Մեկ տարի առաջ հեղափոխությունը մարդիկ իրականացրեցին` փողոց դուրս գալով և պայքարելով անարդարությունների դեմ, տնտեսական հեղափոխությունն էլ պետք է մարդիկ կատարեն: Կառավարությունը պետք է քաջալերի և հնարավորություններ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել և ստեղծել արդյունքներ: Մեր հաջորդ քայլը պետք է լինի տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը: Աղքատությունը կարող ենք հաղթահարել միայն աշխատանքով և կրթությամբ: Մեր խնդիրն է, որպեսզի քաջալերենք մարդկանց աշխատել, որպեսզի հավատան իրենց ուժերին: Ես և Աննան սովորական ընտանիքից դուրս եկած մարդիկ ենք, և ամենակարևորը, որ մենք միշտ հավատացել ենք մեր ուժերին, միշտ պայքարել ենք: Կառավարությունը գործընկեր է, որ պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ հավատան իրենց ուժերին: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ կրթության, օրինականության, հավասարության և արդարության համար, որպեսզի մարդիկ կրթվեն, զբաղվեն իրենց սիրելի աշխատանքով և զարգացնեն երկիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե որ տարիքից է զգացել, որ ցանկանում է լինել վարչապետ, Փաշինյանը շեշտել է, որ երբեք նման ցանկություն չի ունեցել և որևէ կարգավիճակի համար մղում չի ունեցել: Ըստ Փաշինյանի, իր ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է այն արժեքների ու սկզբունքների համար, որոնց հավատացել է: «Այդ սկզբունքներն էին ժողովրդավարությունը, արդարությունը, օրինականությունը: Ես այդ արժեքներին եմ հավատում և, ըստ էության, ես գիտեի, որ այդ պայքարը ինձ կտաներ դեպի խոչընդոտներ: Ես միշտ իմացել եմ, որ եթե քաղաքականությամբ զբաղվեմ` կլինեն զրկանքներ ու հետապնդումներ: Միաժամանակ, ես ոչ մի պարագայում իմ սկզբունքներից չեմ նահանջելու: Կնահանջեն նրանք, ովքեր փորձում են ոտնահարել այդ սկզբունքները»,- ասել է վարչապետը` պատմելով, թե ինչպես է լրագրող այնուհետև պատգամավոր եղած տարիներին հետապնդվել, ձերբակալվել, հանդիպել բազմաթիվ խոչընդոտների: Փաշինյանը կատակով շեշտել է, որ վարչապետ ընտրվելուց հետո էլ իրեն «կալանավորված» է զգում, քանի որ շրջում է զինված մարդկանց ուղեկցությամբ, իր աշխատասենյակն ու բնակարանը հսկում են բազմաթիվ մարդիկ: Հարցին, թե չի հոգնում աշխատելուց, վարչապետը նշել է, որ սեփական ժողովրդին ծառայելը իր համար հաճույք է և երբեք այդ աշխատանքի ծանրությունը չի զգացել: Թե ինչ լուծում է տեսնում Արցախյան հակամարտության խնդրում, վարչապետը շեշտել է, որ լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և առաջին հերթին պետք է սկսել երկխոսություն ժողովուրդների միջև: «Այժմ մենք բանակցությունների մեջ են Ադրբեջանի նախագահի հետ և պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանում պահպանենք երկարատև խաղաղությունը»: Թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան՝ հարցին, վարչապետը շեշտել է, որ տեսնում է ազատ, ուժեղ երկիր: «Տեսնում եմ երկիր, որտեղ ապրում է 6-7 միլիոն մարդ, տեսնում եմ երկիր, որտեղ մարդիկ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և ստանում են բարձր աշխատավարձ: Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Տեսնում եմ երկիր, որ պետք է դառնա ապրելու համար լավագույն վայրը բոլոր սփյուռքահայերի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Աշակերտներից մեկն էլ Աննա Հակոբյանին հարցրել է, թե ինչ զգացողություններ է ունեցել հեղափոխության օրերին և արդյոք չի վախեցել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ ամուսնանալով Նիկոլ Փաշինյանի հետ, իմացել է, որ ամուսինը ըմբոստ է և միշտ պայքարելու է անարդարության դեմ: Նա շեշտել է, որ միշտ էլ իմացել է, որ լինելու են դժվարություններ, խնդիրներ:

Նմանատիպ նյութեր