26235 դիտում
10:42 24-04-2019
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և կառավարության անդամներ: ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում էին նրանց կանայք:
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
«[url=https://armenpress.am/arm/news/972441.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները՝ որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+