211652_close_icon
views-count3311 դիտում article-date 13:52 22-04-2019

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 22-ին հերթական անգամ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նշեց, որ այս անգամ դատարանն օրինական որոշում է կայացրել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է դատարան։ Մ. Գրիգորյանին առաջին անգամ կալանավորելու դատարանի որոշումից անցել է 10 ամիս։ Նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին՝ դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել դատարան, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նմանատիպ նյութեր