ԲԴԽ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ
Ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվեցին նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդարադատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնահերթությունների իրացման գործում:
Դատարանների աշխատակազմերի առջև խնդիր դրվեց առանձնակի ուշադրություն դարձնել գործավարության պատշաճ իրականացման, դատավորների համար արդարադատության իրականացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման, գործերի արխիվավորման, աշխատանքային կարգապահության բարձրացման, թափանցիկ աշխատանքի երաշխավորման, թվային արդարադատության և մշտադիտարկման համակարգերի ներդրմանը նախապատրաստվելու հարցերին:
Բարձրագույն դատական խորհրդի կենտրոնական մարմնի տարբեր ծառայությունների ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները քննարկեցին նաև առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի անելիքները: